2019թ․-ի ապրիլի 1-ին Երևանում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Գրանատուս Վենչուրս ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց «Granatus Tech4SDG» վենչուրային ֆոնդի ստեղծմանը։ 40 միլիոն ԱՄՆ դոլար թիրախավորված կապիտալով ֆոնդը ներդրումներ կիրականացնի սոցիալական և բնապահպանական բարենպաստ ազդեցություն ունեցող տեխնոլոգիական ընկերություններում։
Նախաձեռնությունն ուղղված է լրացնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին մինչև 2030 թվականը հասնելու համար գոյություն ունեցող ներդրումային բացը։ Հանդես գալով որպես Կայուն զարգացման գործընկեր՝ ՄԱԶԾ-ն աջակցելու է սոցիալական ազդեցության չափման և կառավարման հարցերում և տրամադրելու է ներդրումային գործընթացներում բնապահպանական, սոցիալական և կառավարման միջազգային չափանիշները կիրառելու իր լավագույն փորձը։ ՄԱԶԾ-ն տրամադրելու է նաև Ֆոնդի կառուցվածքի ձևավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաև աջակցելու է ներդրումային միջոցների հավաքագրման և հիմնական շուկաներում ներդրումային հնարավորությունների բացահայտման գործընթացներում։
Գրանատուս Վենչուրս ընկերությունը, իր հերթին, պարտավորվածություն է ստանձնում նպաստել Հայաստանում սոցիալական և բնապահպանական բարենպաստ ազդեցություն ունեցող ներդրումների էկոհամակարգի զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի ջանքերին։ «Granatus Tech4SDG» ֆոնդը նպատակ ունի լավագույնս կիրառել զարգացող տեխնոլոգիաներն ու առկա տեխնիկական ներուժը՝ դրանք ուղղելով սոցիալական և բնապահպանական ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև նվազեցնել ներդրումային գործընթացներում առկա բնապահպանական, սոցիալական և կառավարման չափանիշների ռիսկերը։
Նախաձեռնությունը հանդիսանում է ՄԱԶԾ Հայաստանի կողմից իրականացվող «Տեխնոլոգիաները հանուն Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարթակ» ծրագրի մաս, որի նպատակն է վերհանել տեղական և միջազգային մասնավոր ֆինանսավորման ներուժը՝ ի նպաստ ԿԶՆ-ների իրագործման։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին:
Գրանատուս Վենչուրս ընկերությունը, հիմնադրվել է 2013 թ.-ին, Հայաստանում առաջին տեխնոլոգիական վենչուրային ընկերությունն է, որը տրամադրում է ներդրումներ, փորձառություն և կապեր այն ստարտափերին, որոնք կիրառում են Հայաստանի ներուժը որպես զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Գրանատուս Վենչուրս ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, ովքեր կառավարում են 14 բարձր տեխնոլոգիական ստարտափներից բաղկացած պորտֆել, որոնք Սիլիկոնյան հովտում և Եվրոպայում առաջատար վենչուրային ֆոնդերից գումարային ավելի քան 62 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ են ներգրավել։