Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանն ու Ռուանդան բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն են սկսում
News 08/04/2019 07:55

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) և Ռուանդայում տեղակայված Smart Africa կենտրոնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության և կրթության ոլորտներում։

Հուշագիրը ստորագրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանի՝ Ռուանդա կատարած այցի շրջանակում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում։

Smart Africa կենտրոն այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կարևորում է Smart Africa-ի հետ համագործակցությունը, քանի որ այն ազդարարում է Հայաստանի և Ռուանդայի միջև համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում համագործակցության, համալսարանների միջև կապերի խթանման, բիզնես շրջանակների փոխգործակցության, ինչպես նաև երկու երկրների տարբեր մարզերում Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների մոդելների ներդրման մեկնարկը»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը։

Նշենք, որ Ռուանդա այցի ընթացքում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավարը և պատվիրակության մյուս անդամներն այցելել են Ռուանդայի ցեղասպանության թանգարան, ինչպես նաև մասնակցել Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։