Դեկտեմբեր, 2021
December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները ԵՄ-ի աջակցությամբ այցելել են Լյուբլյանայի տեխնոպարկ
News 22/04/2019 09:04

Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները՝ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, այցելել են Սլովենիայում գործող Լյուբլյանայի տեխնոպարկ՝ գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով:

Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա:

Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ և փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության և ինովացիոն միջավայրի ձևավորման հարցերի շուրջ:

Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ և այսօր համարվում է Հարավարևելյան Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ և ինովացիոն թիմեր: Իր գործունեությամբ տեխնոպարկը նպաստում է երկրում նորարարական և ձեռներեցական էկոհամակարգերի զարգացմանը՝ Սլովենիայի կառավարության հետ համատեղ: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը և կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:

Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի և ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը և ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սլովենիայի կառավարությունում` Կրթության, Գիտության և Սպորտի, Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարությունների, Զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարական գրասենյակի, Սլովենիայի ձեռներեցության հիմնադրամի, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ՝ տեղեկանալու նրանց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի և քաղաքականությունների, տեխնոլոգիաների և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև տեղական տեխնոպարկի հետ համագործակցության մասին՝ ուղղված սմարթ մասնագիտացումների ներդրմանը և փորձնական ծրագրերի իրականացմանը:

Այցի վերջին օրը ՁԻՀ-ը և Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում:

Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, հետազոտության և զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության և տեխնոլոգիական այլ ուղղություններում:

Հուշագրով նաև նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման և փորձագետների փոխանակման ուղղություններում: 

Հայաստանյան պատվիրակության անդամները, խոսելով Լյուբլյանայի տեխնոպարկում անցկացրած հանդիպումների մասին, կարևորել են տեխնոպարկի անդամակցության քաղաքականության, վաճառքների կառուցվածքի, ԵՄ ծրագրերում ակտիվ ներգրավման, ինչպես նաև վերջին շրջանի համագործակցության մասին տրամադրված տեղեկատվությունը:

Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում գործող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» (EU-SMEDA) ծրագրի մասին.

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։