Categories: News

ISTC-ին և Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում:

Համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անցկացրեց քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները և այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 և ավելի մասնակիցներ, հնարավորություն ստացան ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի և հասարակության մեջ տվյալների կարևորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Գլեն Մյուլսը Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, ինչպես նաև Համակարգչային գիտություն է դասավանդում Iona համալսարանում, դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» և «Մասնագիտական և Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սա ISTC-ի և Սան Խոսեի պետական համալսարանի միջև համագործակցության առաջին քայլն է: Առաջիկայում ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից և 2 դասախոսներից կազմված խումբը կայցելի Սան Խոսեի պետական համալսարան: Այցի շրջանակում ուսանողները կստանան հնարավորություն ամերիկացի դասախոսների հետ քննարկել իրենց մագիստրոսական թեզերը, ինչպես նաև հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները:

Միաժամանակ, ԵՊՀ դասախոսները կաշխատեն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: Սա կնպաստի Հայաստանում հետազոտական ներուժի զարգացմանը:

Share