Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթ՝ ԵՄ-ն բիզնեսների համար ծրագրի աջակցությամբ
News 16/05/2019 15:51

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթ Վանաձորում՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսների համար ծրագրի աջակցությամբ

2019 թ-ի մայիսի 18-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ մրցույթը:

Մրցույթը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մրցույթի իրականացման գլխավոր աջակիցն է՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Միջոցառման իրականացմանն աջակցում են նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում նախագիծը և Լոռու մարզպետարանը։

Փորձելով գտնել, թե որոնք են Հայաստանի հյուսիսային շրջաններում զբոսաշրջության զարգացման մարտահրավերները, մրցույթը նպատակ ունի առաջարկել հնարավոր թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք առավել գրավիչ կլինեն ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների համար և կապահովեն մեծ եկամուտ նրանց համար, ովքեր իրականացնում են տվյալ գաղափարները և ծրագրերը:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ՝ մասնավորապես հետևյալ ոլորտներում.

1) Հայաստանում զբոսաշրջության մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ;

2) Տեղեկատվության որոնման բարելավում;

3) Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումներ։

Թվային և տեխնոլոգիական մոտեցումները և լուծումները կարող են առնչվել թեմաների լայն շրջանակի, որոնցից են այցելուների կառավարում, բնական և մշակութային տեսարժան վայրերի կառավարում (ներառյալ թանգարանները), բացօթյա և արկածային սպորտաձևեր, անդրսահմանային համագործակցություն, բաց տվյալներ, էլեկտրոնային ուսուցման ծրագրեր այցելուների և մասնագետների համար, հավելվածներ, հարթակներ, ամրագրման համակարգեր, ինչպես նաև թվային փորձառություններ և տեխնոլոգիաների վրա հիմնված ֆիզիկական զբոսաշրջության հարակից լուծումներ։

Ներկայացված հայտերի հիման վրա կընտրվի 30 թիմ ամբողջ Հայաստանից, որոնք 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների և լուծումների նախատիպերի վրա և կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի բաղկացած է լինելու ոլորտի լավագույն մասնագետներից:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2,000,000 ՀՀ դրամ, 1,200,000 ՀՀ դրամ և 750,000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

1․000․000 ՀՀ դրամ մրցանակ կշնորհվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ լավագույն տեխնոլոգիական լուծման համար։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) կֆինանսավորի մեկ ծրագրի իրականացում, եթե այն համապատասխանի UNDP-ի չափանիշներին՝ լինի նորարար, կայուն և իրագործելի։

Հիշեցնենք, որ հեքըթոնն առաջին անգամ անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից մեկն է։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի կողմից, աջակցում են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր նորարարության զարգացման համար, ապահովել միջազգային մակարդակի գիտելիքներ և մատչելի ֆինանսավորման աղբյուրներ, պատրաստել ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ և ստեղծել տեղական այնպիսի կազմակերպություններ, որոնք կարող են մուտք գործել միջազգային հարթակ: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են` Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (MIC), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և Գյումրու (GTC), Վանաձորի (VTC) Կապանի տեխնոլոգիական կենտրոնները, Ինժեներական քաղաքը (EC) և այլն: http://www.eif.am/eng/

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների դինամիկ միջավայր, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և կազմակերպություններին՝ նորարարական բիզնես գաղափարների իրականացման գործում` ի վերջո նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: http://vtc.am/en/

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։