Categories: News

Թումոն ճանաչվել է Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության հաղթողներից մեկը

2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն / «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում Թումոն հաղթող ճանաչվեց «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում: Այս մասին մենք տեղեկացանք Թումոյի ֆեյսբուքյան էջից։

Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` Եվրոպա Նոստրայի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից:

Այս մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպությունների և անհատների: Այս տարի 16 երկրից 25 մրցանակակիր է ընտրվել: Հաղթողների թվում են «Նորվեգիայի ազգային վստահություն» ՀԿ-ն, որը արդեն 175 տարի է զբաղվում է Նորվեգիայում ժառանգության պահպանմամբ, Թուրինի Սբ. Պատանքի մատուռի վերականգնման նախաձեռնությունը, գնչուների մշակույթի և պատմության թվային արխիվի զարգացման նախաձեռնությունը և այլն: Հատուկ մրցանակի են արժանացել Փարիզի հրշեջները, որոնք ապրիլի 15-ին կարողացել են ոչնչացումից փրկել Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառույցն ու ներսում գտնվող նմուշները:

Հաղթողները պարգևատրվելու են հոկտեմբերի 29-ին Փարիզում տեղի ունենալիք Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Share