Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ավելի քան 600 մասնակից եւ խոստումնալից պայմանավորվածություններ. ամփոփվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը
News 02/07/2019 14:44

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որն անցկացվեց հունիսի 24-28-ը` ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում և Վանաձորում համախմբեց շուրջ 600 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

   

Շաբաթն առանձնացավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական սեմինարներով, ցուցադրություններով և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներով։ Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: 

Կայացած մասնագիտական քննարկումները, որոնց թվում մեծամասնություն կազմեցին Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված էին ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն:

Շաբաթվա ընթացքում ստորագրվեց երեք հուշագիր։ Առաջին հուշագիրը ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջեւ։ Դրա շրջանակում արդեն մեկնարկել են Ռուանդայի եւ Եթովպիայի հետ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Երկրորդ հուշագիրը ստորագրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ: Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում և Ֆրանսիայում գործող համալսարանների միջև համագործակցության հնարավորությունների ձևավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջեւ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլեր։

Երրորդ հուշագիրը կնքվեց «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական եւ ռուսական ընկերությունները։

Միջոցառումների շարքի կազմակերպիչ երեք կողմերը՝ ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան, արեցին առավելագույնը, որպեսզի միջոցառումը արձանագրի լավ արդյունքներ։ Արտերկրից ժամանած պոտենցիալ գործընկերների մասնակցությամբ հանդիպումներ կայացան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ փոխնախարար Գեղամ Վարդանյանի մասնակցությամբ։

«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ն ամփոփվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանը եւ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վանաձորում հայտարարեց, որ հետամուտ են լինելու Ինժեներական շաբաթվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին բարեհաջող ընթացք տալուն:

Վանաձորյան պանելային քննարկումների շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները խոսեցին Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների,  Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչության մասին, ինչպես նաեւ ամփոփեցին Շաբաթը։  Զուգահեռաբար անցկացվեց նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը։

Վանաձորում կայացած ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ավարտական վկայականներ հանձնեց երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ ստացան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը եզրափակվեց «Բամբիռ» խմբի մասնակցությամբ ռոք համերգով՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում: