Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում
News 03-07-2019 11:59

Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից, այս մասին նշեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հետ Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

«Կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ, բավական լավ նախագծեր կան այս պարկում:  Նայելով ներկայացված նախագծերին՝  կարող ենք ասել, որ մենք էլ հետ չենք մնում ընդհանուր միտումներից: Շատ նորարարություններ  մեր երկրում ևս առկա են: Ընդհանուր ինովացիոն համակարգը բավական արագ զարգանում է, և կարծում եմ, որ մենք ունենք հայ բելառուսական հարաբերություններում տարբեր ոլորտներում համագործակցելու շատ մեծ ներուժ, այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաների: Այս պահին մենք ունենք մի քանի պայմանավորվածություն, այստեղի նախագծերից մի քանիսը նեկայացված կլինեն նաև «Սևան ստարտափ սամիթ»-ում: Այսօր հիմք ենք դնում նոր համագործակցության, ես հույս ունեմ, այդ համագործակցությունը բավական արդյունավետ կլինի: Բազմաոլորտ զարգացում ենք ապրում և՛ Հայաստանում, և՛ Բելառուսում: Կարող եմ նշել, որ իրենց մոտ արագ զարգանում են գյուղատնտեսության հետ կապված նախագծերը: Մեր դեպքում կարող եմ ասել, որ տարբեր ոլորտներում արագ աճ ենք գրանցում»,-նշեց Պետրոսյանը:

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։