«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում տեղի կունենան «կայծակնային ռաունդներ» (ճեպաքննարկումներ), որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադրամներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնելու իրենց գաղափարները, ներդրումներ ներգրավելու դրանց իրագործման համար։ Գաղափարները կգնահատի և 15 լավագույնները կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։ «Իրենց շանսն օգտագործելու համար հայաստանցի և արտերկրյա ստարտափերներն արդեն կարող են գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում»,- այս մասին հայտարարել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հայաստանցի և եվրոպացի լրագրողների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է «WCIT 2019»-ի կազմակերպման ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական թեմաները։ ՏՏ աշխարհի առաջատարներ ու նորարարներ, գլոբալ քաղաքականության առաջնորդներ, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներ, խոշոր ներդրողներ հոկտեմբերի 6-9-ին երևանյան զրույցների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սև կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքա՞ն «կանաչ» է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» և այլ թեմաներով։
Օրակարգի թեմաները մշակում է միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված ավագ խորհրդատվական կոմիտեն։
«WCIT 2019»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող ՏՀՏ նախարարների կլոր սեղան-քննարկման թեման թվային զարգացումների կարգավորման մեխանիզմերն ու լավագույն փորձն է։
Մեկ այլ կլոր սեղանի շուրջ «խելացի» քաղաքների քաղաքապետերը կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա և բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում ոլորտում ստարտափների խթանման, բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, այդ թվում՝ աշխարհում ճանաչված Picsart-ը, Renderforest-ը, Betconstruct-ը, Joomag–ը և այլն։ ՏՏ արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։