Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
News 06/09/2019 09:42

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև  սեպտեմբերի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշագիրը ստորագրեցին գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի հետ աշխատանքի ակտիվացմանը և տեղի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

«Հաշվի առնելով սփյուռքից հայրենադարձության խթանման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքից ներդրումների կարևորությունը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, շարունակում ենք «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը: Անցյալ տարի այն իրագործվեց բավականին մեծ հաջողությամբ` 100-ից ավել ընկերություններ մասնակցեցին այդ ծրագրին, որի արդյունքում եղան 9 հաղթողներ, որոնք ստացան զգալի գումարներ և այլ խթանիչներ, որպեսզի կարողանան իրագործել իրենց ծրագրերը: Այս տարի շարունակում ենք նույն նպատակներով, բայց շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, հետևաբար, ծրագիրը փոխանցվել է   Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օգտագործելու են նաև մեր սփյուռքի կապերի ողջ ներուժը»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այս տարի մի փոքր փոխում են ձևաչափը. եթե անցյալ տարի հայաստանյան ընկերությունները ևս ներգրավված են եղել ծրագրին, ապա այս տարի որպես մասնակից հաղթելու հնարավորություն են ունենալու միայն սփյուռքի ընկերությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանի ընկերություններին հնարավորություն է ընձեռվելու մասնակցելու այդ չորսօրյա հավաքին:

Նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի, ինչպես նաև թվայնացման և ռազմարդյունաբերության զարգացման համար և այս ծրագրով ևս մեկ քար է դրվելու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում:

«Այստեղ, կարելի է ասել, անփոխարինելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և մասնակցությունը և դա է պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ստորագրենք հուշագիրը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն տարածաշրջանի համար: Սա ապահովելու համար ամենամեծ գործոնը , որն այս պահին առկա է և, որը մրցակցային առավելություն է տալիս մնացած պետությունների նկատմամբ տարածաշրջանում` սփյուռքն է: Այս առումով ունենք բավականին լուրջ ներուժ և ձեռներեցներ, մեծ ընկերություններում աշխատողներ, ովքեր տիրապետում են համաշխարհային տնտեսական կարգին: Այս ծրագրով նպաստում ենք նախարարության ամենագլխավոր նպատակներից մեկին` տաղանդի արտահոսքի կանխումը և ներհոսքի խթանումը»,- եզրափակեց Արշակյանը: