«WCIT 2019»-ի «դեսպաններն» անցան գործի․ տեղի է ունեցել կամավորների առաջին հավաքը
News 09-09-2019 14:44

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպիչներն առաջին հավաքն են անցկացրել  «WCIT 2019»-ի 220 կամավորների հետ։ Նրանք ընտրվել են թեժ մրցակցության արդյունքում՝ 400 հավակնորդներից։ Ընտրված կամավորները տիրապետում են առնվազն 3 լեզվի, այդ թվում՝ անգլերեն ու հայերեն, ընդգրկուն գիտելիքներ ունեն ՏՏ ոլորտի, Հայաստանի և մեր երկրում տեղի ունենալիք համաշխարհային համաժողովի մասին։

ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

«Դուք WCIT 2019»-ի «դեսպաններն» եք, առաջինն, ում տեսնելու, ում հետ շփվելու են համաշխարհային մեծության նորարաներն ու տեխնոաշխարհում եղանակ ստեղծողները՝ Հայաստան ժամանելուն պես։ Նրանք ընդամենը մի քանի օր, իսկ ոմանք՝ նույնիսկ հաշված ժամեր են մեր երկրում անցկացնելու։ Հետևաբար նաև ձեզանից է կախված, թե ինչ տպավորություններով կգնան մեր հյուրերը, կցանկանա՞ն վերադառնալ ու կապը շարունակել տեղական ընկերությունների հետ»,- կամավորներին ուղղված խոսքում նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։