Սեպտեմբերի 17-ին Երեւան կժամանեն Եվրոպայի ամենաթոփ հրեշտակ ներդրողները՝ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը:
BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն, կազմակերպում է ամենամյա ներդրումային կոնֆերանս, որի խոսնակներն հյուրերն են Business Angels Europe/BAE/ նախագահ, խոշորագույն “МЕТА” վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին, ինչպես նաեւ Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը։
Սեպտեմբերի 17-ին Երեւանում կայանալիք ներդրումային կոնֆերանսին ներկա կլինեն շուրջ 90 գործարար-ներդրողներ Հայաստանից եւ արտերկրից, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ՏՏ բիզնես ղեկավարներ եւ այլք: Մուտքը միայն անվանական հրավերով է, որը կարելի է ստանալ կազմակերպիչների հետ կապ հաստատելով:
Իտալացի գործարար, հրեշտակ ներդրող Լուիջի Ամատիի ղեկավարած վենչուրային ընկերությունը շուրջ 40 միլիոն եվրո ներդրել է տարբեր երկրների ստարտափ թիմերում։ Լուիջի Ամատին Երեւանում կհանդիպի հայ ներդրողների հետ, նաեւ հետաքրքրված է հայկական ստարտափ թիմերում ներդրումներ անելու հեռանկարով։
Բրիջիթ Բոումենը 2015-ին ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա Եվրոպայի վենչուրային եւ ստարտափ էկոհամակարգի ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է Go Beyond Early Stage Investing ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում։ Բրիջիթ Բոումենը խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին։
Եվրոպացի հատուկ հյուրերը կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հրավերով: Նա Հայաստանի բիզնես Հրեշտակների ցանցի ղեկավարն է: Շուրջ 15 տարի ապրելով Միացյալ Նահանգներում՝ նա 4 տարի առաջ վերադարձել է հայրենիք: Գրիգորն իր գործընկերների հետ հիմնադրել է Հայաստանում առաջին Բիզնես հրեշտակների ցանցը:
ՏՏ ոլորտում ներդրումային հնարավորություններին ուղղած համաժողովն իրականացվում է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ եվրոպական ESIL ծրագրի աջակցությամբ։