«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ականավոր գիտնականի՝ Կանարյան կղզիների Ասղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս և Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի մասնակցության մասին։ Այս տարի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին Գարիկ Իսրայելյանը ներգրավված կլինի որպես «Ականավոր խոսնակների շարքի» մասնակից։ Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ, որոնց տեսլականը, երևակայությունն ու հաստատակամությունը հնարավոր են դարձրել տեղեկատվության հեղափոխությունը։ Գարիկ Իսրայելյանի ելույթի թեման է՝ «Ասղաֆիզիկան 21-րդ դարի շեմին. արհեստական բանականություն, տվյալների հավաքագրում և այլմոլորակային կյանք»:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ դոկտոր Իսրայելյանը մասնակցելու է «WCIT 2019»-ին: Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ Իսրայելյանի մասնակցության վերաբերյալ:
Իր գործունեության ոլորտում մեծ հարգանք վայելող Գարիկ Իսրայելյանը տարիներ ի վեր եղել է աստղաֆիզիկայի համաժողովների առանցքը, հրատարակել է ավելի քան 500 գիտական հոդված: Իսրայելյանի ղեկավարած միջազգային հետազոտություններով ներկայացվել են առաջին ապացույցներն առ այն, որ սև խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյունից: Նա նաև արվեստի և գիտության «STARMUS» միջազգային փառատոնի հիմնադիր ղեկավարն է: Աստղաֆիզիկայի ոլորտում Իսրայելյանի ներդրումը անվերապահորեն գնահատվել է Կանարյան կղզիների Կառավարության կողմից, որը 2014թ. գիտնականին պարգևատրել է ոսկե մեդալով, որը Կանարյան կղզիների բարձրագույն պարգևն է և շնորհվում է ի շահ հանրության ներդրված ջանքերի համար:
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրի ներքո։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org:
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։