Categories: News

«ConnectIT» նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Հայաստանի տեխնոլոգիական և կրթական ներուժը ցույց տալու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և «StartDoon» ընկերությունը համատեղ կիրականացնեն «ConnectIT» ծրագիրը։ Վերջինի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական կրթության ոլորտների հետ համագործակցությամբ հետաքրքված բազմաթիվ ընկերություններ և անհատներ կժամանեն Հայաստան։

Կազմակերպիչները համոզված են, որ այսպիսի նախաձեռնությունները կխթանեն Հայաստանի ինվեստիցիոն դաշտի բարելավումը, տնտեսական ակտիվությունը, միջազգային կապերի ձևավորումն ու զարգացումը։

«Գործելով ստարտափ էկոհամակարգում, մշտապես խոսելով ոլորտի զարգացումներից և պոտենցիալից՝ մեզ համար առաջնային է այդ պոտենցիալը գործնական հարթակ տեղափոխելը, արտասահմանի մեր գործընկերներին Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորություններին ծանոթացնելը և ցույց տալը, որ կարող ենք փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել», – նշեց StartDoon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Ծրագիրը մասնակիցներին առաջարկում է անհատական սկզբունքով ու իրենց  հետաքրքրություններին համապատասխան ՏՀՏ տուրեր Հայաստանի տարածքում։ Նախատեսվում է հագեցած օրակարգ, որը կներառի ինչպես ճանաչողական այցեր, այնպես էլ անհատական հանդիպումներ մասնակցի նախընտրած ոլորտի գործարարների ու ընկերությունների հետ։

«Որպես ոլորտը միավորող ասոցիացիա՝ կարեւորում ենք մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում նման նախագծերի իրականացումը։ Դրանք կնպաստեն ոչ միայն այլ պետությունների հետ մեր բիզնես կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, այլեւ երկրի ներսում ոլորտի զարգացման խթանմանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մոտակա ամիսներին։ Մանրամասները կհրապարակվեն շուտով ԱՏՁՄ պաշտոնական կայքէջում։

Share