Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա
News 02/10/2019 12:02

Ինժեներական քաղաքում գործող YEA Engineering ընկերությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մշակել է Advanced Driver Assistance System (ADAS) համակարգերի թեստավորման հարթակ՝ ինքնավար մեքենաների համար:

Նորաստեղծ ADAS-HIL հարթակը մշակվել է ռուսական ընկերության պատվերով եւ թույլ է տալիս ինքնավար մեքենաներ արտադրողներին եւ դրանց մատակարարներին թեստավորել Advanced Driver Assistance Systems (ADAS) համակարգերը եւ դրանց կոմպոնենտները՝ լաբորատոր պայմաններում, խնայելով ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ:

Հարթակը ADAS համակարգի համար սիմուլացնում է այն իրադարձությունները, որոնք կատարվում են իրական աշխարհում եւ լաբորատոր պայմաններում՝ առանց իրական ավտոմեքենայի վրա տեսախցիկ, ռադար եւ էլեկտրոնային ղեկավարման հանգույց տեղադրելու, էլեկտրոնային հանգույցներին համոզում, որ իրենք գտնվում են իրականավտոմեքենայի վրա:

YEA Engineering ընկերության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանի խոսքով, ինքնագնաց ավտոմեքենաների ամենակարևոր հանգույցներից են հենց ADAS համակարգերը, որոնք դետեկտում են արտաքին աշխարհի տեղեկատվությունը եւ դրա հիման վրա կայացնում է որոշումներ, օրինակ՝ ավտոմեքենան արգելակում է, արագություն ավելացնում կամ թեքում ղեկը:

«Տեսախցիկների, ռադարների եւ ղեկավարման հանգույցների թեստավորման եւ փորձարկման համակարգը հանգույցների համար արտաքին աշխարհի սիմուլացիա է ապահովում: Տեսախցիկների համար արտաքին աշխարհի սիմուլացիան իրականացվում է օպտիկական ազդանշանի պրոյեկցիայով՝ տեսախցիկի լինզայի վրա: Ռադարների դեպքում դա արվում է ռադիոհաճախային էխո ազդանշանների սիմուլացիայի միջոցով, իսկ էլեկտրոնային ղեկավարման հանգույցի պարագայում՝ մեր համակարգից տարբեր սիմուլացված տվիչների տվյալներն իրեն ուղարկելով եւ հանգույցից արգելակման արագացման եւ ղեկի թեքման հրահանգները հետ՝ դեպի մեր համակարգ ստանալով»,- բացատրել է Գուրգեն Մարդոյանը: 

Համակարգն աշխատում է վիրտուալ իրականության ծրագրային ապահովման շուրջ,  որտեղ հնարավոր է ստեղծել տարբեր ճանապարհային իրավիճակներ ,այդ թվում՝ գծել ճանապարհ, նկարագրել մեքենայի շուրջ երթեւեկությունը, եղանակային պայմանները, ինչպես նաեւ իրականացնել ավտոմեքենային առնչվող գործողություններ՝ ներմուծել ավտոմեքենայի մաթեմատիկական մոդելներ, որոնք վիրտուալ իրականության մեջ մեքենային կստիպեն վարվել նույն կերպ, ինչ իրական ճանապարհի վրա:

Գուրգեն Մարդոյանը նշել է, որ իրենց կողմից մշակված համակարգը պատվիրատուին թույլ կտա կրճատել ծախսերը, ճանապարհների վրա փորձարկումների ժամանակը, իսկ ինժեներներին հնարավորություն կընձեռի նախագծած ալգորիթմներ կամ սարքավորումներ միանգամից միացնել համակարգին եւ ստուգել, թե ինչպես դրանք իրենց կդրսեւորեն իրական ճանապարհի վրա՝ այդպիսով շտկելով սեփական ալգորիթմները:

«Ի դեպ, մեր պատվիրատուները ներկայում աշխատում են նաեւ ավտոմատ արգելակման գործառույթի վրա, որի շնորհիվ առջեւում խոչընդոտի դեպքում մեքենան ավտոմատ կարգելակի: Այդ ֆունկցիայի փորձարկման համար եւս օգտագործվելու է YEA Engineering-ի մշակած համակարգը»,- հավելել է նա:

«Ինժեներական քաղաք» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: 

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, տեղական ընկերության կողմից նման համակարգի գործարկումը արտասահմանյան ընկերության պատվերով աննախադեպ քայլ է Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի համար:

«Կարծում եմ, որ ինքնավար մեքենաների ուղղությունում նման հաջող մեկնարկը սկիզբ կդառնա նրան, որ արտերկրի ընկերությունները կսկսեն մասսայաբար լուծումներ պատվիրել այս ուղղությամբ մասնագիտացած հայաստանյան ընկերություններից»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը: 

«Նման պատվերի իրականացումը շատ կարեւոր է: Թեւ չենք կարող փակագծերը բացել եւ նշել պատվիրատուի անունը, սակայն կարող եմ ասել, որ առաջիկայում բանակցություններ ենք վարելու նաեւ Uber եւ Yandex ընկերությունների հետ, որպեսզի լուծումը հետագայում փորձենք տրամադրել նաեւ այդ ընկերություններին: Նշեմ, որ Ինժեներական քաղաքի ընկերությունները Հայաստանում այն եզակի ընկերություններն են, որոնք մշակում են լուծումներ IoT, ինքնավար մեքենանների, 5G ուղղություններով»,- հավելել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: