Արդեն 5-րդ անգամ անցկացվող «HIVE Ventures Tech» սամիթ հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։
HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով կիսվելու, իրենց հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։
Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ Արշակյանին։
Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Հայաստանում բիզնես սկսելու, իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։
Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։
Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝ կարող ենք զարգացնել այդ հմտությունները նույնպես։
Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր ընկերության համար ներդրում կատարի։
«HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ ընկերությունը։