Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ալեքս Չունգ․ Համացանցի գլխավոր առաքելությունը մարդկանց իրար մոտեցնելն է
News 08/10/2019 15:53

«GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը Հայաստանում է։ Նա այսօր Ալեքսիս Օհանյանի և Քիմ Քարդաշյան-Վեսթի հետ մասնակցեց Երևանում ընթացող WCIT2019-ի շրջանակում կազմակերպված «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը։

Քննարկումից հետո մեզ հաջողվեց կարճ զրույց ունենալ Ալեքս Չունգի հետ։

– Ի՞նչ է տալիս համացանցը ժամանակակից մարդուն։ Ո՞րն եք առհասարակ համարում համացանցի մեծագույն հնարավորությունը։

– Ժամանակակից աշխարհի համար համացանցը կապի լավագույն հնարավորությունն է ընձեռում՝ օպերատիվ, բազմաֆունկցիոնալ։ Տեխնոլոգիաները մեծ արագությամբ են զարգանում, դրան զուգընթաց զարգանում է նաև վիրտուալ տիրույթը։ Աշխարհում բազմաթիվ մարդիկ են իրար հետ ծանոթանում։ Հիմա, լինելով այստեղ, կարող ենք համացանցի միջոցով տեղեկանալ՝ ինչ է կատարվում աշխարհի մյուս ծայրում, շփվել, մտքեր ու գաղափարներ փոխանակել այլ՝ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ։ Հիմա կարող եք զանգահարել ձեր մայրիկին, գրել նրան, լուսանկարներ ուղարկել, համացանցով ուղիղ եթեր մտնել և ցույց տալ նրան՝ ինչ ենք անում այստեղ։ Մի՞թե սա հրաշալի չէ։

– Բայց արդյունքում շփումները լիովին տեղափոխվում են վիրտուալ տիրույթ։ Մարդիկ այլևս չեն հանդիպում, դեմ-դիմաց չեն քննարկում առօրյան, ապագա ծրագրերը․․․

– Համացանցի գլխավոր գործառույթն ու առաքելությունը մարդկանց իրար մոտեցնելն է, ոչ թե հեռացնելը։ Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում շփման նախընտրելի ձևը։ Համացանցը նաև լիցքաթափվելու և ժամանակ անցկացնելու հարթակ է, բայց ինքներդ եք ընտրում՝ ինչպես անցկացնել ձեր ժամանակը։ Կարևորը՝ այն արդյունավետ լինի։

– Հուսով եմ նորից կհանդիպենք Հայաստանում։

– Ուրախ եմ այստեղ լինել և ուրախ կլինեմ, եթե նորից առիթ ընձեռվի այստեղ գտնվելու։

Հիշեցնենք՝ Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի: Ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ «GIF»-եր են ուղարկում միմյանց, որոնց դիտումներն օրական 11 ժամի են հասնում։ «GIPHY»-ն հարթակ է, որտեղ հազարավոր արտիստներ, ապրանքանիշեր և գործընկերներ օրվա տպավորություններն ավելի պատկերավոր են դարձնում։ «GIPHY»-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի «GIF»-երն ու «sticker»-ները, այլ նաև հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» և ավելին։

«GIPHY»-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել է «Intel»-ում և «MTV»-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝ տասնյակ ստարտափներում։

«Business Insider»-ն Ալեքս Չունգին դասել է Նյու Յորքի 25 ամենաազդեցիկ տեխնոլոգների շարքին, «Fast Company»-ն՝ բիզնեսում ամենաստեղծարար մարդ է կոչել։ Ալեքս Չունգը փիլիսոփայության, ճարտարագիտության և գրաֆիկ-դիզայնի գիտական աստիճան ունի։