Հոկտեմբերի 11-12 Երևանում կկայանա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը
News 10-10-2019 19:32

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երկրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը։ Այն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը։ Գիտաժողովի նպատակը Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագայի կանխատեսումն է։ Համաժողովը համախմբում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ ակադեմիայի տարբեր ոլորտների հետազոտողների և ինժեներների, ովքեր աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:

STCC-ն ապահովում է հարթակ քննարկելու՝

- մեքենայական ուսուցման դոկտորական ծրագրի ստեղծումը Հայաստանում,

- առաջատար համալսարանների հետդոկտորական գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող հետազոտություններին և հնարավոր հայրենադարձության ուղիների մշակումը,

- համատեղ հետազոտական լաբորատորիաների ստեղծումը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարանների, և տեղական տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության միջոցով,

- Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարանական լաբորատորիաների հետ գործնական համագործակցության հնարավորությունները:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, ռոբոտաշինությունն ու իրերի համացանցը, հաշվողական կենսաբանությունը և քվանտային հաշվարկները:

Համաժողովի բանախոսները կկիսվեն իրենց փորձով՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաև Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։ Կլինեն նաև մի շարք կարևոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից: Զուգահեռաբար, կկազմակերպվեն ազդագրերի (poster) ցուցադրություններ՝ տեխնիկական քննարկումներին խորապես անդրադառնալու նպատակով:

Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական և համալսարանական շրջանակներից են, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական հաստատություններից (Ստանֆորդ, UIUC, Տամպեր, և այլն):

Ակնառու խոսնակներից են ՝

- Մայքլ Քասս՝ NVIDIA-ի վաստակավոր ինժեներ, Ստենֆորդի համալսարանի ասպիրանտ,

- Գարեգին Պապոյան՝ Մերիլենդի համալսարանի Մոնրո Մարտին պրոֆեսոր,

- Սոս Աղայան՝ Նյու Յորքի Սիթի համալսարան-ի Սթեյթս կղզու քոլեջի և ավարտական կենտրոնի համակարգչային գիտության վաստակավոր պրոֆեսոր,

- Նաիրա Հովակիմյան՝ Իլինոյսի համալսարան Ուրբանա-Շամպայնի մեխանիկական գիտություն և ճարտարագիտություն բաժանմունքի Գրաֆթոնի և Վիլկինսի պրոֆեսոր, IntelinAir-ի համահիմնադիր և գլխավոր գիտնական,

- Կարեն Էղիազարյան՝ Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի (TUT) պրոֆեսոր,

- Արա Մարկոսյան՝ Xilix-ի Հայաստանյան գործունեության ղեկավար,

- Արամ Ադուրյան՝ Flagship ֆոնդի գործընկեր,

- Օգսեն Գաբրիելյան՝ Boehringer Ingelheim դեղագործական ընկերության բիոինֆորմատիկայի գլխավոր գիտնական,

- Ալ Եսայան՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն,

- Աշոտ Պապոյան՝ Tetragenetics ընկերության Associate director, դոցենտ, ասոցացված տնօրեն,

- Ուիլ Զենգը՝ Ստանֆորդի համալսարանի դասախոս, Unitary հիմնադրամի նախաձեռնող,

- Էնթոնի Միլլեր՝ Verify Markets-ի կառավարող գործընկեր,

- Սերգեյ Կուպրիենկո՝ Ring ընկերության հետազոտությունների գլխավոր տնօրեն,

- Յովան Ստոյանովիչ՝ ELOON-ի գործադիր տնօրեն, Բելգրադ AI-ի ղեկավար,

- Քրիստոֆ Զողբի՝ Ticketless-ի ԱԲ խորհրդատու, Beirut Al-ի ղեկավար,

- Բահեր ԲաբաԱլի՝ Թեհրանի համալսարանի դասախոս:

Կազմակերպիչներ

SmartGateVC վենչուրային ֆոնդ

SmartGateVC վենչուրային ֆոնդը Սիլիկոնյան հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որի ներդրողներն են Թիմ Դրեյփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ձեռներեցներ: Ֆոնդի ներդրումային թիրախային ոլորտներին են արհեստական բանականությունը (AI), տեղեկատվական անվտանգությունը, իրերի համացանցը և Հայաստանում ձևավորվող կենսատեխնոլոգիաները, քվանտային hաշվարկները և բլոկչեյնը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող հաստատություն է: Կառույցը մասնագիտացած է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:

Հովանավորներ և գործընկերներ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները՝ Արևելյան գործընկերության երկրներում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, և իրականացվում՝ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանն ու զարգացմանը՝ խթանելով վերջիններիս ընդգրկուն աճը Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության մշակմանը, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկություններին և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկաների համար նորարարական արտադրանքի ու ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպերը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, մասնավոր հատվածում գիտական հետազոտությունների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև ։

Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն

Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում երկրի փորձառությամբ պայմանավորված, 2017թ.-ին Ֆիլիպ Մորրիսը կնքեց փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ՝ ընդգծելով ընկերության մտադրությունը՝ Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու, ինչպես նաև կրթական և հետազոտական ծրագրերին աջակցելու ուղղությամբ՝ ներառյալ մագիստրոսական և ասպիրանտական գիտական ծրագրերը:

2008թ.-ից ի վեր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը կատարել է ավելի քան 6 մլրդ. ԱՄՆ դոլլարի ներդրում հիմնարար հետազոտությունների, առանց ծուխի արտադրանքի մշակման, գիտական հիմնավորման և արտադրանքի կատարելագործման մեջ:

Renderforest

Renderforest-ը ՏՏ ընկերություն է, որը թույլ է տալիս ինքնուրույն ստեղծել տարատեսակ տեսանյութեր, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր և գրաֆիկական դիզայն։ Ընկերությունը դասվել է 2019թ.-ի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերություների շարքին՝ ըստ G2 Crowd վերլուծական կայքի։ Այժմ Renderforest-ն ունի շուրջ 10 միլիոն օգտատեր, ովքեր ստեղծել են 15 միլիոնից ավելի նախագծեր։

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը գերժամանակակից STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Հանդիսանալով ուսանողների և երիտասարդ մասնագետների համար ստեղծված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց` նպատակն է հետապնդում կապեր հաստատել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 15,000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հա տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից:

Համալիրը կծառայի որպես համագործակցության բաց հարթակ` ներառելով կրթական ծրագրերի համար ենթակառուցվածքներ, STEM հետազոտական լաբորատորիա և կոնֆերանս դահլիճ: Այս աշխույժ համայնքի մեջ ընգրկվելու է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Zero

Զիրոյի արտադրատեսակների առաջին խումբը ստեղծվել է իրավաբանական ոլորտի առաջնային խնդիրներից մեկի` էլէկտրոնային նամակների փոստային կառավարման խնդիրը լուծելու համար: Մեր ժամանակներում իրավաբաններն իրենց բջջային սարքերով իրականացնում են ավելի ու ավելի մեծ ծավալի աշխատանքներ: Դա հանգեցնում է իրավաբանական ընկերությունների եկամտաբերության կորստի, քանի որ այդ ծավալի պարագայում իրավաբաններն անկարող են ճշգրիտ գրանցել վճարման ենթակա աշխատաժամանակը: Զիրոյի ծրագրերը` նախատեսված iOS-ի և Outlook-ի համար, արհեստական բանականության միջոցով ավտոմատացնում են էլեկտրոնային նամակագրության ադմինիստրատիվ գործառույթները և նպաստում իրավաբանների աշխատանքի արդյունավետությանն ու եկամտաբերությանը:

Fronty

Fronty-ն աշխարհում առաջին ծառայությունն է, որն արհեստական ինտելեկտի միջոցով գեներացնում է վեբ-կայքեր տրված դիզայնի կամ նկարի հիման վրա: Հիմնադրված լինելով Upwork հարթակում ամենահաջողակ ֆրիլանսերներից մեկի կողմից, Fronty-ն կարողանում է ստեղծել կայքեր ընդամենը մի քանի րոպեում։ Օգտատերերը հնարավորություն ունեն հեշտորեն ձևափոխել և հրատարակել իրենց կայքերը մեկ վայրում։ Fronty-ն միտված է արհեստական բանականության շնորհիվ խնայել հազարավոր աշխատանքային ժամեր՝ միևնույն ժամանակ բարելավելով պատրաստվող կայքերի որակն ու արագությունը։