N2 միջազգային ֆորումը միավորել է ինտերնետի պատասխանատուներին
News 11-10-2019 13:52

Երեւանում մեկնարկել է N2 միջազգային եռօրյա ֆորումը, որը հյուրընկալել է տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։ Ֆորումի առաջին օրը հյուրերը մասնակցել են ցանցային օպերատորների խմբի առաջին (ArmNOG) եւ Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովներին (ArmIGF)։

«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ArmIGF համակարգող Լիանա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Առաջին անգամ իրականացվող համաժողովն առանձին միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել ընդհանուր հարթակ ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` խնդիրներն ու հնարավորությունները քննարկելու, ոլորտի նորարարությունների մասին տեղեկանալու, համատեղ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։

Համաշխարհային ICANN ընկերության նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին նշել է, որ այսօր ICANN-ն անվտանգ ինտերնետի երաշխավորներից է. «Ինձ համար պատիվ է առաջին անգամ անցկացվող այս ֆորումին ներկա լինել։ Մեր կազմակերպությունը շատ ռեսուրսներ է ծախսում, որ ինտերնետը հասանելի ու մատչելի լինի աշխարհի տարբեր կետերում։ Հաճախ մտածում են, եթե ինտերնետը կա, ուրեմն խնդիր չկա, բայց աշխարհի մի զգալի մասն այսօր համացանցից չի օգտվում. մեր նպատակն է, որ մարդիկ տեղական ու անվտանգ ինտերնետ ստեղծեն»։

ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը նշում է, որ թվային տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչներից մեկը ինտերնետի զարգացումն է. «Մեզ համար նման ֆորումները կարեւոր են, մարտահրավերները քննարկելու, նաեւ Հայաստանի տարածքում ինտերնետի տարածվածությանը նպաստելու ու մեր երկիրն ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու համար»։

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը փաստում է, որ թվային փոխակերպումը բիզնեսի համար առաջնահերթություն է, սակայն վերջին տարիների շատ արագ զարգացումը բերել է ոչ միայն առավելություններ, այլև նոր մարտահրավերներ ոլորտի ընկերությունների համար. «Ըստ կանխատեսումների՝ մինչև 2020 թվականը, միջին հաշվով, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների եկամուտների կեսը կձևավորվի նորագույն թվային տեխնոլոգիաների միջոցով: Անհրաժեշտություն է առաջացել ոչ միայն ներդրումներ անել նորագույն տեխնոլոգիաների մեջ, այլև ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ և հնարավորություններ կազմակերպություններին աշխարհում մրցունակ լինելու համար»:

Մեր աշխատանքի ամենակարեւոր բառը կոորդինացիան է։ Մենք ունենք տվյալների մեծ հոսքեր եւ շահագրգիռ կազմակերպություններին կապում ենք միմյանց։ Ես երրորդ անգամ եմ Հայաստանում, ամենաշատ տրվող հարցն է, թե ինչ եմ մտածում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի մասին, բայց այդ հարցին հեշտ չէ միանգամից պատասխանել: Հենց դրա համար եմ այստեղ, այցելում եմ Երեւանից հեռու տարբեր համայնքներ, ուսումնասիրում դրանք, գործնական դասեր ենք անցկացնում, փորձում աջակցել ինտերնետի հասանելիության ընդլայնմանը»,- ասել է RIPE NCC-ի կառավարիչ-տնօրեն Աքսել Պավլիկը:

 «Համաժողովն այն եզակի հարթակներից է, որը միավորում է մասնավոր ոլորտին եւ այն միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են ինտերնետի կենսագործունեությունն ապահովելու համար։ Ծով չունեցող երկրների համար ինտերնետը ստեղծում է ծով հնարավորություններ, մենք էլ նպաստում ենք անվտանգ ինտերնետի տարածմանը»,- ասել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանը։

«N2» միջազգային համաժողովի շրջանակում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, ICANN Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Եռօրյա համաժողովում քննարկվում են՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն։  Պանելային քննարկումներին կմասնակցեն պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «ISOC IoT SIG» հետաքրքրությունների խումբը: