Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում հոկտեմբերի 12-ին կայացած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի մարզում այսուհետ հասանելի կլինեն Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) տեխնոլոգիական ծրագրերը։
Հուշագիրը ստորագրվել է Արագածոտնի մարզպետարանի եւ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) միջեւ։ ԳՏՏԿ տեխնոլոգիական ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) աջակցությամբ։
Հուշագիրը ստորագել են Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։
«Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա մինչ օրս չի եղել եւ այս հուշագրի կարեւորությունն այն է, որ այսպես մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա։ Շատ փակագծեր չբացելով նշեմ, որ առաջիկայում տարածաշրջանի համար բացառիկ մի գաղափարի մեկնարկի մասին կհայտարարենք»,- նշել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանն ուրախությամբ արձանագրել է, որ հուշագրի ստորագրմամբ Գյումրիի հաջողված տեխնոլոգիական փորձը մուտք է գործում Արագածոտնի մարզ։
«Այսպիսով, Արագածոտնի մարզում եւս Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) աջակցությամբ մեկնարկում ենք ծրագիրը։ Հայտերի գրանցման մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց արդեն մոտ հիսուն դիմորդ ունենք։ Այդ երիտասարդների մոտիվացիան՝ մուտք գործել ՏՏ ոլորտ, անչափ ոգեւորիչ է։ Նշեմ, որ Աշտարակում այս պահին գործում են երկու հետազոտական ինստիտուտներ՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ու Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը։ Այս ամենի արդյունքում մեր երազանքն է առաջիկայում կառավարության և մեր բարերաների աջակցությամբ ստեղծել հետազոտությունների եւ տեխնոլոգիաների առաջին պարկը Աշտարակում»,- տեղեկացրել է Ամալյա Եղոյանը։
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացվել է մարզի պոտենցիալը, առաջարկվել եւ քննարկվել են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, անցկացվել է էքսպո ցուցահանդես։ Մինչ օրս նմանատիպ համաժողովներ են անցկացվել Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում: