Պանամայում տեղի է ունենում The Future is Now կոնֆերանսը: Պանամայի կրթության նախարարի բացման խոսքից հետո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ Բերքլիի համալսարանից, Գրեմիից, Coursera-ից, Holberton-ից և Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հիմնադրամից ներկայացրին իրենց գաղափարները 21-րդ դարի կրթության, ազդեցության մեղմ մեթոդների կարևորության ու հաջողության գնահատման վերաբերյալ:
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը մասնակցել է թվային հմտությունների ուսուցման վերաբերյալ քննարկմանը, որը վարում էր Խուան Կառլոս Նավառոն Միջամերիկյան զարգացման բանկից: Քննարկմանը մասնակցում էին նաև Գաբրիել Ռեկալդեն Google-ից և Լեանդրո Հերերան Tera-ից` ծրագրավորման և թվային մարքեթինգի բրազիլական դասավանդման կենտրոնից:
«Երեխաները ցանկանում են սովորել,- ասաց Մարի Լուն, երբ վարողը հարցրեց, թե ինչպե՞ս ուսուցումը դարձնել հաճելի,- չեմ կարծում, որ կա երեխա, ով չի ցանկանում, առավել ևս, երբ մենք ապահովում ենք նրան հաճելի և հետաքրքիր միջավայրով»:
Google-ի Գաբրիել Ռեկալդեն թեմայի քննարկման մեջ մտավ կարևոր տեղեկությամբ` կրթական բովանդակությունը ամենապահանջվածներից է Youtube-ում և Google-ի ամենամեծ արտադրանքներից մեկում. «Որպեսզի ժամանակակից կրթական համակարգը աշխատի, մենք պետք է կոտրենք ավանդականի և թվայինի միջև պատնեշները»,- ասաց նա:
Լեանդրո Հերերան շեշտադրում կատարեց կրթական մոտեցումների բազբազանության կարևորության վրա. «Մենք այլևս չենք կարող վստահել կրթական որևէ առանձին մոտեցմանը: Մենք պետք է աջակցենք նաև անհատական կրթական մոտեցումներին»,- նշել է Լեանդրոն: