Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Urban.Tech Moscow մրցույթի հայկական փուլը։
Տեղական հաքաթոնը անց էր կացվում ISTC-ում և տևեց 12 ժամ։ Այդ ընթացքում թիմերը լուծում էին կազմակերպիչների կողմից սահմանված քաղաքային խնդիրները։
Urban.Tech Moscow մրցույթի հայկական փուլը հաղթեց The Empty Space թիմը։ Նրանք ներկայացրեցին արհեստական բանականության թրեքի՝ Visual Product Search խնդրի լուծումը։
«Մեր հավելվածի շնորհիվ դուք կարող եք լուսանկարել ցանկացած հագուստի պարագա և գտնել դրա նմանը խանութներում։ Օրինակ պատկերացրեք, որ դուք մտել եք խանութ և տեսել եք գեղեցիկ շապիկ։ Կամ փողոցում քայլելիս, նկատել եք անցորդի վրա շատ հետաքրքրիր վերարկու և ցանկանում եք ունենալ նույնից։ Մենք կօգնենք հեշտացնել այդ պրոցեսը և գտնել ձեր ուզած իրը»,- պատմում է Հարութը The Empty Space-ից։
Թիմի անդամները նշում են, որ լուսանկարելուց բացի, կարելի է նաև վերբեռնել ցանկացած հագուստի կամ այն հագած մարդու նկար, այդպիսով, լինել ոճային և տարբերվող, ինչպես սիրելի երգիչը, դերասանը, կամ նույնիսկ ֆիլմի գլխավոր հերոսը։
«Այս ամենից բացի մենք նաև հնարավորություն ենք տալիս, որպեսզի օգտատերը գտնի իրեն ամենամոտիկ խանութը և տարբերակում ենք շորերը ըստ գնային կատեգորիայի», – հավելում է Հարութը։
Նշենք, որ հաղթող թիմը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը մեկնելու է Մոսկվա, մասնակցելու Urban.Tech Moscow-ի վերջնական փուլին՝ Road Show-ին։ Այնտեղ եռօրյա հաքաթոնի ընթացքում նրանք արդեն պետք է ստեղծեն ծրագրի աշխատող պրոտոտիպը, հնարավորություն կունենան ներկայացնելու այն Ռուսաստանի թոփ IT ընկերություններին, և կմրցեն 10 միլիոն ռուբլի մրցանակային ֆոնդի համար։
«Բառերով չենք կարող նկարագրել մեր զգացմունքները, բայց մենք անհամբեր սպասում ենք Մոսկվայում կայանալիք գլխավոր փուլին, որտեղ մեզ համար ամենակարևորը լինելու է ոչ թե մասնակցությունը, այլև հաղթանակը», – նշում է թիմի ավագ Վրեժը։
Նշենք, որ հաքաթոնի հայաստանյան փուլը կազմակերպվեց Մոսկվայի նորարարությունների գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ImpactAim Venture Accelerator-ի և Deworkacy Yerevan-ի կողմից:
Հայաստանը Մոսկվայում կներկայացնի 3 թիմ։ Լուծելով իրական խնդիրները, նրանք հնարավորություն կունենան պայմանագրեր կնքել Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների հետ՝ «Ռոստելեկոմ», «Mail.ru Group», «ՎՏԲ գրուպ», «SberCloud» և «Կասպերսկի լաբորատորիա»: Կամ վաճառել իրենց լուծումները Մոսկվայի կառավարության գերատեսչություններին:
Urban.Tech Moscow-ն իր մեջ ներառում է 6 միջազգային հաքաթոն Հայաստանում, Բելառուսում, Իսրայելում, Ղազախստանում, Լատվիայում և Չեխիայում: