Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում կայացած Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին
News 14/11/2019 08:26

Նոյեմբերի 13-14-ին Վարշավայում կայացել է Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի պատվիրակությունը:

Միջոցառմանը մասնակցել են 15 կին ուսանողներ տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից, Girls in Tech նախաձեռնությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):

Համաժողովին որպես խոսնակ հրավիրված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը բացման հատվածում հանդես է եկել ելույթով: Նա խոսել է Հայաստանի և Լեհաստանի միջև տեխնոլոգիական կամուրջ կառուցելու հնարավորությունների մասին, պատմելով, թե Հայաստանը ՁԻՀ ծրագրերի միջոցով ինչպես է զարգացնում տեխնոլոգիական ոլորտը: Ամալյա Եղոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը 30 տոկոս է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: 

«Այցը Լեհաստան շատ կարևոր էր, ինչի համար շատ շնորհակալ եմ Հայաստանում Լեհաստանի և Լեհաստանում Հայաստանի դեսպաններին և դեսպանատներին։ Լիահույս եմ, որ որպես հաջողության պատմություն ունենալով Fujitsu Լեհաստանի համագործակցությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) գործող IT Space ընկերության հետ, կարող ենք դեպի մեզ գրավել նաև շատ նոր գործընկերներ և պատվիրատուներ»,- ընդգծել է նա:

Լեհաստան կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը նաև գործնական հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, Ժեշուվ քաղաքի  փոխքաղաքապետի, Fujitsu Լեհաստանի և Urban Lab-ի ներկայացուցիչների հետ: Վերջինների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, ինչպես նաև Հայաստան այցելելու և տեղական ընկերությունների հետ ծանոթանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հետ համագործակցությունը ՁԻՀ-ը սկսել է 2017թ.՝ շնորհիվ Business Armenia-ի ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանի, որի հիմնադրած  Blue Idea ընկերությունը և Run IT in Armenia բրենդը փորձում է ոգևորել Լեհաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ համագործակցել հայկական ընկերությունների հետ։ Արդյունքում, Fujitsu Լեհաստանը սկսեց համագործակցել ԳՏԿ-ում գործող IT Space ընկերության հետ, ինչի արդյունքում IT Space-ը հետազոտական ծրագրեր է իրականացնում Fujitsu-ի համար: Երկարաժամկետ հեռանկարում է Fujitsu ընկերության մասնաճյուղի հիմնումը Հայաստանում: