Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest-ին
News 15/11/2019 09:07

Մեկնարկել է Tbilisi Data Fest եռօրյա փառատոնը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ կազմված մոտ 100 մասնակիցներից։ Նրանց շարքում կան նաև խոսնակներ, ովքեր ելույթ կունենան կոնֆերանսի օրերին՝ նոյեմբերի 14-16-ին. Դավիթ Աբգարյանը՝ DISQO-ից, Հրանտ Խաչատրյանը՝ YerevaNN-ից, Անուշ Մարտիրոսյանը՝ krisp-ից, Ռուզաննա Բալդրյանը՝ National SDG Innovation Lab-ից, Էդգար Խաչատրյանը՝ Questrade-ից (Կանադա) և Ռուդոլֆ Երեմյանը Windsor.AI-ից (Վրաստան)։

Միջոցառմանն այս տարի ներկա են շուրջ 1000 մասնակիցներ և 60 խոսնակներ ամբողջ աշխարհից։ Քննարկումներն ու ելույթներն ընթանում են տվյալագիտության ու հարակից ոլորտների այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում, տվյալներ եւ արհեստական բանականություն եւ այլն: Ունենալով այս ոլորտներում ընդլայնվող համայնք ու զարգացող պոտենցիալ՝ Հայաստանյան մասնագետներն ու ընկերությունները որոշել են անմասն չմնալ տարածաշրջանում ոլորտի զարգացումից։

«Հայաստանում եւ Վրաստանում տվյալագիտության տարածման ու զարգացման աշխուժությունը` հատկապես արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ուղղություններով, տարածաշրջանային համագործակցության հույսեր է տալիս, եւ մեր փառատոնը հիանալի հարթակ է երկու երկրների տվյալագիտական համայնքների միջեւ կապերը ստեղծելու եւ ամրացնելու համար»,- նշում է միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցը։

Փառատոնն առիթ է ոչ միայն փորձի փոխանակման, այլև միջազգային խոշոր ընկերությունների հետ կապերի ստեղծման համար։ Միջոցառմանն արդեն ելույթ ունեցած խոսնակ Դավիթ Աբգարյանը նշում է. «Որպես շուկայի հետազոտման ու գովազդի արդյունավետության հարթակ՝ DISQO-ի լուծումները կոնֆերանսի թեմաներից համահունչ են մասնավորապես «տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում» ուղղվածության հետ։ Կիսվեցի մեր կիրառած մոտեցումներով ու փորձով, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց տեղի մասնագետների մոտ»։

Tbilisi Data Fest փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ միավորում է տվյալների եւ տվյալագիտության վերլուծաբանների, կիբերանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման ու կապերի ստեղծման համար։