Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
News 17/12/2019 14:05

Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար։

Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալվող 4-օրյա հագեցած ծրագրին կմասնակցեն աշխարհի 17 երկրից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափից թվով 80 մասնակից։

Մրցույթին ստարտափները մասնակցում են հիմնականում հետևյալ  ուղղություններին առնչվող տեխնոլոգիական պրոդուկտների/ծառայությունների նախագծերով՝ զբոսաշրջություն, IoT, տրանսպորտ, կառավարման տեխնոլոգիաներ, ֆինանսներ և էլեկտրոնային առևտուր, կրթություն, առողջապահություն և այլն։

Վերջինները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական ստարտափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և, վերջում, ներկայացնել իրենց ստարտափները միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով։

Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից ստարտափներին կտրամադրվի 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ։

Մրցանակ ստացող ստարտափներից պահանջվում է գրանցել իրենց ստարտափը Հայաստանում։

Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.)։

Ծրագիրը ունի նաև այլ գործընկերներ, որոնք իրենց կողմից առաջարկում են ամենատարբեր լրացուցիչ մրցանակներ իրենց նախընտրած ստարտափներին, այդ թվում՝ ստարտափների հետագա ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր, նվեր փաթեթեներ, անվճար աշխատանքային տարածքներ, անվճար իրավաբանական-ֆինանսական խորհրդատվություն և այլն։

Նշենք, որ 2018թ-ին նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք ստարտափները՝  «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել 14 նոր աշխատատեղ: