Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն էր՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը։
«Ներուժ»-ի հաղթող թիմերից մեկը SoFetch ստարտափն է, որը ստացավ գաղափարի փուլում գտնվող ստարտափների համար նախատեսված գլխավոր մրցանակը՝ $25.000։ SoFetch-ի համահիմնադիր Մէգի Ռայանը կիսով չափ իռլանդացի է, կիսով չափ՝ արցախցի։ Նա պատմեց մեզ իրենց ստարտափի մասին։
«Այն իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ կարող են հանդիպել գեղեցկության ոլորտում ծառայություններ մատուցողները և նրանց ծառայություններից օգտվողները։
Հավելվածը թույլ կտա ընտրել վարսահարդար կամ դիմահարդար, ծանոթանալ մատուցվող ծառայություններին ու արժեքին, ժամ ամրագրել, իսկ հետո գնահատել մասնագետին։ Հավելվածը մասնագետներին հնարավորություն կտա մեծացնել հաճախորդների բազան, ուսումնասիրել շուկայի պահանջները, իսկ հաճախորդներին՝ գտնել լավ մասնագետ և ուսումնասիրել ծառայությունները ու ժամ ամրագրել առանց սրահը այցելելու կամ զանգահարելու»։
Սոֆիա Բերբերյանը և Գարիկ Գալստյանը զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը և ստացան $15.000 մրցանակ։ Նրանք կիսվեցին իրենց զգացմունքներով և Հայաստան տեղափոխվելու ապագա պլաններով։
«Մեր ստարտափը կոչվում է Marathon, այն կապված է առողջ ապրելակերպի հետ։
Ինչը կապված է հաղթանակի հետ, բոլոր մրցակիցներին համարում էինք հավասար և արժանի։ Հիմա շատ հուզված ենք, քանի որ անսպասելի էր ամեն դեպքում։
Գումարը, որը շահել ենք, ամբողջությամբ ներդնելու ենք Հայաստանում։ Ճիշտն ասած, չնայած նրան, հաղթեինք, թե պարտվեինք, 2-3 ամսից Հայաստան գալու միտք ունեինք։ Իսկ հիմա, ավելի լավ, մարքեթինգի մեջ կներդնենք գումարը և կմեծացնենք մեր թիմը։
Մենք եկել ենք Ֆրանսիայից։ Փարիզում ունենք մեր մարզիչները, և երկու հոգի էլ՝ Հայաստանում։ Եվ հրավիրում ենք մնացած մարզիչներին, միանալ մեր ծրագրին, որպեսզի մեծացնենք մեր բիզնեսը։
Ճիշտն ասած, ես անցած տարի մասնակցել եմ այս մրցույթին և ընդհանրապես ոչինչ չեմ շահել։ Բայց դա ինձ ավելի շատ ուժ տվեց, որ մենք այս տարի գանք և ինչ-որ մրցանակ շահենք»,- կիսվեցին նրանք։