ԹՈՒՄՈ-ն մեկնարկում է 42 Երևան ծրագիրը: ԵՄ Թումո համալիրի թիմը շրջում է Հայաստանի մարզերով ու երիտասարդներին ներկայացնում Ֆրանսիայում հիմնադրված ծրագրավորման այս առաջատար կրթական կենտրոնի մասին: Օրերս ԹՈՒՄՈ-ի ներկայացուցիչները այցելել էին Իջևան։
42 Երևանն իր տեղը կգրավի 42 համաշխարհային ցանցի քաղաքների ցանկում, որում ընդգրկված են Հելսինկին, Մադրիդը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան և 16 այլ քաղաքներ: 42-ը գալիս է Հայաստան` բարձրակարգ մասնագետներով ապահովելու հայկական աշխատաշուկան: Այս անվճար կրթական կենտրոնն իր հեղափոխական մոտեցման շնորհիվ հնարավորություն է տալիս 18 տարին լրացած յուրաքանչյուր անձի` անկախ ոլորտում ունեցած իր գիտելիքների, դառնալ ծրագրավորման գուրու: 42 Երևանի մեկնարկի ու հայտերի ընդունման մասին կհայտարարվի 2020 թվականին:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: