2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում:
Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:
2019թ.-ին ծրագրին դիմողների քանակն աննախադեպ էր՝ 355, իսկ բոլոր 4 մարզերում շրջանավարտները 69-ն են:
Վայոց Ձորի մարզում ծրագիրն ունեցել է 2 փուլ: Առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 90 դիմորդ, որից ընտրվել է 51-ը, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտել է 24-ը: 2-րդ փուլում 40 դիմորդից ծրագրին մասնակցել է 25-ը:
Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 75 դիմորդ: Ընտրված 57 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30-ը: 2-րդ փուլում 50 դիմորդից ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 24 ուսանող:
Լոռու մարզում ծրագրի 1-ին փուլին դիմել է 50 դիմորդ: 29 ընտրված ուսանողից 18-ը հաջողությամբ ավարտել է ծրագիրը: 2-րդ փուլում էլ 40 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 27-ը:
Արագածոտնի մարզում 60 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 37 ուսանող:
Հայ Օգնության Ֆոնդի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ:
ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանի խոսքով, այս տարի կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով:
Ամալյա Եղոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2020թ.-ին ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը՝ մուտք գործելով երկու նոր մարզեր՝ Կոտայք եւ Արմավիր: Ծրագրի մեկ այլ նորությունն էլ այն է, որ Տավուշի մարզում կմեկնարկեն նոր ուղղություն ընդգրկող դասընթացներ՝ անօդաչու սարքերի եւ սարքավորումների (hardware) թեմաներով: