Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում
News 14/01/2020 11:23

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics (MS) մագիստրոսական  ծրագրերը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին՝ նախաձեռնված Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (EIF), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC), Երեւանի պետական համալսարանի, Սան Խոսեի պետական համալսարանի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։

Համատեղ մագիստրոսական ծրագիրը հնարավորություն կտա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանողի 2020թ. սեպտեմբերից շարունակել կրթությունը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics (MS) մագիստրոսական ծրագրում։  

Ընտրված ուսանողներին կտրվի ԵՊՀ-ի և Սան Խոսեի համալսարանի կրկնակի դիպլոմ, ինչպես նաև հնարավորություն՝ անցնել տվյալագետի վարձատրվող պրակտիկա Սիլիկոնյան հովտի այն բազմաթիվ հաստատություններից մեկում, որոնց հետ Սան Խոսեի պետական համալսարանն ունի աշխատանքային պայմանագրեր։ Ծրագրի ավարտին հայ ուսանողները վերադառնալով Հայաստան, ընդգրկվելու են ԵՊՀ-ի և Սան Խոսեի համալսարանի համատեղ հետազոտական աշխատանքներում: Աստիճանաբար ընդլայնվող հետազոտական թիմն առաջիկայում կներգրավի նաեւ այլ հայ մասնագետների:

Նշենք, որ մագիստրոսական ծրագրերի միջև համագործակցության մեկնարկն ազդարարվեց 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ISTC-ի տնօրեն Արեգ Գևորգյանի կողմից:

Լինելով Հայաստանում տեխնոլոգիական առաջխաղացման հիմնական աջակիցներից մեկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ այն դիտարկելով որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական կրթության հզորացման գործոն՝ միջազգային համալսարանների հետ սերտ համագործակցություն հաստատելու միջոցով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, ժամանակակից աշխարհում տնտեսության և բիզնեսի կառավարումը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների, ինչի արդյունքում առաջացել են նոր, համարձակ և գրագետ մոտեցումներ՝ հիմնված տվյալների հավաքագրման և վերլուծության վրա։

«Ուսումնասիրելով Սան Խոսեի պետական համալսարանի և այլ առաջատար բուհերի կրթական ծրագրերը, կարելի է տեսնել, որ տնտեսագիտության ներկայիս կրթական ծրագրերն իրենց առաջ դնում են բոլորովին այլ խնդիրներ, որոնց հաջող լուծումները կնպաստեն տնտեսության և բիզնեսի զարգացմանը։ Բիզնես ոլորտի ծրագրերի փոփոխություններին հստակ արձագանքում են նաև աշխարհի առաջատար բուհերը՝ արդիականացնելով իրենց կրթական ծրագրերը։ Սան Խոսեի պետական համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագիրն այսօր դրա վառ օրինակն է»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը: 

Արդեն երեք տարի է, ինչ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իր կրթական ծրագրով ապացուցում է, որ հնարավոր է ստեղծել այնպիսի կրթություն, որը մեկուսացած չէ բիզնես կիրառությունից և աշխատաշուկայից։

2019թ. ապրիլին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հինգ լավագույն ուսանողները եւ ծրագրի պատասխանատուները, ինչպես նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ ISTC-ի ներկայացուցիչներն այցելեցին ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարան։ Քննարկումների ընթացքում ձեռք բերվեցին բազմաթիվ պայմանավորվածություններ:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի մագիստրոսական ծրագրի շուրջ 20 ուսանողներ PMI Science-ի կողմից արժանանում են կրթաթոշակի: