Հայ պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը արժանացել է 2019 Arms Control Person of the Year մրցանակին
News 14-01-2020 17:56

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել.

«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից»,- նշել է նա։

Arms Control Association-ը տարվա մարդ է հռչակում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։

Դանագուլյանի եւ նրա թիմի աշխատանքը իր մեջ ներառում է նեյտրոնային փնջերի օգտագործմամբ միջուկային սպառազինության ստուգման նոր ինովացիոն պրոցեսի մշակումը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 9-ը տեղի ունեցած քվեարկության ընթացքում, որին մասնակցել են 100 երկրների ներկայացուցիչներ, Arms Control Person of the Year մրցանակին հավակնում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Շվեդիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ կոնգրեսականներ եւ սենատորներ։