Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անցկացնելու վերաբերյալ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկրները կարող են փոխշահավետ համագործակցել: Կողմերն ընդգծել են նաև փոխշահավետ գործակցության մեծ ներուժը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: Այս համատեքստում նրանք խոսել են ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին: