Հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա հանդիպում՝ Սիլիկոնյան հովտում սովորելու բացառիկ հնարավորության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրին դիմելու մանրամասները և կարգը:
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։
7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։
Մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղումով։