Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանից ընտրված երիտասարդները կսովորեն Սիլիկոնյան հովտի առաջատար համալսարանում
News 16/01/2020 09:26

Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ երիտասարդները Սիլիկոնյան հովտում ուսանելու հնարավորություն կունենան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշել է, որ ցանկացողներն արդեն կարող են դիմել, հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը:

«Կարող է դիմել ցանկացած անձ 21 տարին լրացած, ով ունի ձեռներեցության որոշակի փորձ, միգուցե կազմակերպություն է հիմնել կամ համահիմնադիր է և ունեն նոր գաղափար, որն այս ծրագրի օգնությամբ կկարողանան առաջ տանել և իրագործել: Ասեմ, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Նույնիսկ հետաքրքվում են մարդիկ, ովքեր կայացած ձեռներեցներ են, ինչը շատ ոգևորիչ է»,-ասաց Արմեն Աբրոյանը:

Յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում, որը մեծ համբավ ունի: Երիտասարդ գործընկերների հետ իրենց փորձով կիսվելու են Իլոն Մասկը (Tesla),  Թիմ Վեսթերգրենը (Pandora Media), «AirBnB»-ի առաջնորդները, «YouTube»-ի հիմնադիրները` ներկայացնելով գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը:

Արմեն Աբրոյանի խոսքով, նպատակ կա Հայաստանը դարձնել տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն: Այդ համատեքստում, ի թիվս այլ ծրագրերի, կարևորվում են կրթական նախաձեռնությունները: Սիլիկոնյան հովտի այս կրթական ծրագիրը, ըստ Արմեն Աբրոյանի, շատ կարևոր է, այն թույլ է տալիս Հայաստանը կապել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական կենտրոնների հետ:

«Սա պարզապես կրթական ծրագիր չէ, այն հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել կապեր հաստատել, ոլորտի ներդրողների հետ հարաբերություններ կառուցել. շատ կարևոր է սեփական գաղափարներն առաջ տանելու ուղիներ  գտնել: Վերջերս ՀՀ վարչապետի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի Սիլիկոնյան հովիտ այցելության ժամանակ հանդիպում եղավ հայր և որդի Դրեյփերների հետ, ովքեր հիմնել են այդ համալսարանը, եղավ պայմանավորվածություն համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Հայաստանի մոտ 15 ձեռներեց կմեկնի Սիլիկոնյան հովիտ մասնակցելու այդ կրթական ծրագրին: Մասնակիցներին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և նախարարության կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները: Հաշվի կառնվեն առաջարկված գաղափարները, մասնակիցների ներուժը և այլ բաղադրիչներ:

«Հայաստանն ավելի շատ կենտրոնացած է եղել ինժեներական խնդիրներ լուծելու վրա, գիտությունը, ինժեներական միտքը զարգացած է եղել, բայց թույլ է եղել այդ միտքը բիզնեսի վերածելու, ընդլայնելու բաղադրիչը: Մենք կարծում ենք, որ ձեռներեցության գիտելիքները շատ օգտակար կլինեն մեր մասնագետների համար»,-ավելացրեց նա:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ծրագիրը չի սահմանափակվում պարզապես այստեղի մասնագետներին ուսանելու հնարավորություն տալով: Մասնակիցները դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքներով պետք է կիսվեն մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ:

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Այս համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն․ նրանք իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ 77 երկրից ուսանող ունի: