Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը
News 07-02-2020 15:23

Երևանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափներն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch և BridgeSoft:

Պաշտոնական բացմանը թիմերի անդամները ծանոթացել են միմյանց և գործող ներդրողների հետ։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ իրականացվող Beeline ստարտափ ինկուբատորում լավագույն արդյունքներ գրանցող թիմերը  ներդրումներ են ներգրավում բիզնես հրեշտակների կողմից:

«Յուրաքանչյուր շրջափուլին ընտրում ենք 4 կամ 5 թիմ, ուսումնասիրում իրենց աճին խոչընդոտող հանգամանքները ու խնդիրները։ Այնուհետև ներգրավում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին, որպեսզի օգնենք մեր ստարտափներին զարգանալ միջազգային շուկայում։ Նախորդ տարվա երեք շրջափուլերի ընթացքում համոզվեցինք, որ յուրաքանչյուր թիմի հետ անհատական աշխատելն ամենաարդյունավետ լուծումն է», - նշել է Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ ընդունել երիտասարդ հայ ձեռներեցների նոր խմբեր, ովքեր վստահաբար ինկուբատորի թիմի  և BANA-ի մեր գործընկերների ու ներդրողների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեն ու արագ կաճեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շուկայում: Վստահ եմ, որ նախորդ թիմերի հետ աշխատելու փորձը մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ աշխատանք կատարել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլն ավարտած երկու թիմ՝ EasyDMARC-ը և Lucky Carrot-ը, փետրվարի 24-ից 27-ը Beeline-ի աջակցությամբ կմեկնեն Բարսելոնա։ Թիմերի համահիմնադիրները կմասնակցեն Mobile World Congress-ին` աշխարհի ամենամեծ միջազգային մոբայլ միջոցառմանը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։