Ներկայիս զարգացող աշխարհում հաճախ պետք է արագ ադապտացվել շուկային՝ ստանալով նոր մասնագիտացում, սակայն միաժամանակ գումար վաստակելու կարիքը սահմանափակում է շատերի հնարավորությունները: Այս իսկ պատճառով PicsArt Armenia-ն ձեռնարկել է Հայաստանում առաջին APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս միաժամանակ և՛ սովորել, և՛ աշխատել աշխարհահռչակ PicsArt հավելվածի վրա: APM հատուկ մշակված ծրագիրը հագեցած է տեսական և պրակտիկ գիտելիքներով։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել ոչ միայն մասնագիտական, այլ նաև հաղորդակցման, կորպորատիվ մշակույթի և ֆինանսական վերլուծության գիտելիքներով ու փորձով:
Առաջին APM ծրագիրը PicsArt-ում մեկնարկել էր վեց ամիս առաջ: Այսօր ծրագրի շնորհիվ տաս երիտասարդ ամբողջովին փոխել են իրենց մասնագիտական ուղին, ձեռք բերել պրակտիկ փորձ և դարձել շուկայում մեծ պահանջարկ ունեցող պրոդուկտի ղեկավարման մասնագետներ: Ավելին՝ ծրագիրն ավարտած 10 մասնագետներից 8-ն արդեն մշտական աշխատանքի են անցել PicsArt ընկերությունում:
«Մեկնարկելիս՝ մենք իհարկե չէինք պատկերացնում, թե ինչ արդյունքի կարող է հասնել Հայաստանում առաջին անգամ նման երկարատև ծրագրի ներդրումը։ Այսօր արդեն ավելի քան վստահ գիտենք, որ APM ծրագրի շնորհիվ կարող ենք պրոդուկտի ղեկավարման բացառիկ մասնագետներ պատրաստել», – նշում է PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը:
«Սա անփոխարինելի ծրագիր էր, որի շնորհիվ ոլորտից բացարձակ անտեղյակ մարդուց ես դարձա լիիրավ պրոդուկտի ղեկավար, ձեռք բերեցի ընկերներ և այժմ էլ կանցնեմ մշտական աշխատանքի PicsArt-ում՝ արդեն ճանաչելով թե՛ ընկերության մշակույթը, պրոցեսները, մարդկանց, և թե՛ ինձանից ակնկալվող աշխատանքը», – պատմում է APM ծրագրի մասնակից Խաչատուր Սեդրակյանը: «Սկզբից, ճիշտն ասած, վախենալու էր թվում, քանի որ այնքան նոր ինֆորմացիա էինք ստանում և միաժամանակ աշխատում անմիջապես պրոդուկտի վրա: Բայց հիմա կարող եմ վստահ ասել, որ սա, իմ պատկերացմանբ, ամենաարդյունավետ մեթոդն է՝ զրոյից մասնագետ պատրաստելու համար»։
Ծրագրի հաջողության գրավականն իր մոտեցումներն ու մասնակիցներին տրվող լայն հնարավորություններն են: Նախ ծրագիրը յուրահատուկ առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր կարճ ժամանակում ցանկանում են արդի և նոր մասնագիտացում ձեռք բերել։ Ծրագրի շրջանակում նրանք սովորելուն զուգընթաց ակտիվ մասնակցում են կազմակերպության աշխատանքային գործընթացին և անձնական ներդրում ունենում պրոդուկտի ձևավորման գործում․ պրոդուկտ, որը գործարկվում է 185-ից ավելի երկրում՝ 150 միլիոն ակտիվ օգտատերերի կողմից:
Միայն 2019 թվականի ընթացքում PicsArt-ի նախաձեռնած կրթական ծրագրերի շնորհիվ շուրջ 300 մասնագետ է վերապատրաստվել: Ընկերության ներսում անցկացվող դասընթացները վարում են ինչպես միջազգային լավագույն փորձագետներ, այնպես էլ PicsArt առաջատար ընկերության հիմնադրման ակունքներում կանգնած անհատները։ Նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս սովորելուն զուգընթաց արագությամբ յուրացնել նաև կորպորատիվ մշակույթը, ընկերության առաքելությունն ու արժեքները, որոնք PicsArt ստեղծարար սոցիալական ցանցի հաջողության հիմնական բաղադրիչներն են: Մեծ է նաև անհատական մենթորների առկայության գործոնը․ մենթորները լավագույն որակավորում ունեցող այնպիսի անձինք են, ովքեր սկսնակների հետ կիսում են իրենց գործարար ու ստեղծագործական հմտությունները, աջակցում ու ճիշտ կողմնորոշում աշխատանքի մեջ:
PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt օգտատերերի համայնքը յուրաքանչյուր ամիս ստեղծում եւ սոցիալական ցանցերում տարածում է շուրջ մեկ միլիարդ նկար: PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում և Պեկինում: