Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը և Ստարտափ Արմենիա հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
News 11-02-2020 18:16

2020 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը և Ստարտափ Արմենիա հիմնադրամի Ստարտափ ակումբ ծրագիրը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի Ստարտափ ակումբ կգործի նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Ստարտափ ակումբը կրթական ծրագիր է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։  Ակումբները արդեն գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում, սահմանամերձ Կոթի ու Այգեհովիտ համայնքներում, ինչպես նաև շուտով Իջևանում։

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ Ստարտափ ակումբի կրթական ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2020 թվականի մարտի 1-ից, հանդիպումները կանցկացվեն Իջևան քաղաքում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրասենյակում։ Ծրագրին կարող են մասնակցել ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան պատանիները, ովքեր հնարավորություն կունենան ծանոթանալու անձնական զարգացման, գործարար հաղորդակցման և թվային գրագիտության հիմունքներին։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ փոխըմբռնման հուշագրի ստարագրման առիթով Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծեց․ «Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր գործունեությունը և Ստարտափ ակումբը ներկայացնել նոր լսարանների։ Այս համաձայնության արդյունքում ստեղծված ակումբը կխթանի Իջևանում և հարակից շրջաններում բնակվող պատանիների ներգրավվածությունը ստարտափ մշակույթի մեջ, կնպաստի նրանց սոցիալական զարգացմանը»։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի առաքելությունն է խթանել համայնքների աճը հասանելի, բարձրորակ կրթական ծրագրերի միջոցով։ Բաժնի ղեկավար Լուսինե Հեյզը նշեց․ «Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը ձգտում է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Մենք նպատակադրված ենք ստեղծել որակյալ աշխատուժ և աջակցել զարգացող ընկերություններին ճշգրիտ համակարգերի և գործնական դասընթացների միջոցով։ Մենք հավատում ենք, որ երիտասարդության ներուժը բացահայտելու լավագույն եղանակներից են իրենց գաղափարները կյանքի կոչել և ձեռներեցության ոլորտում առաջին քայլեր անել սովորեցնելն է»։

1991 թվականին հիմնադրված Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) անկախ համալսարան է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում։ Այն համագործակցում է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հետ և հավատարմագրված է ԱՄՆ-ում Դպրոցների և քոլեջների արևմտյան ընկերակցության կողմից։ ՀԱՀ-ը ապահովում է տեղացի և միջազգային ուսանողներին արևմտյան ոճով կազմված բակալավրի, մագիստրոսական և սերտիֆիկացված բարձրորակ կրթական ծրագրերով, խթանում է հետազոտությունը և նորարարությունը, խրախուսում քաղաքացիական ներգրավվածություն և ժողովրդավարական արժեքներ։