Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արտակարգ դրության պայմաններում «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման
News 17/03/2020 12:26

Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների և խմբավարների առողջությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել են որոշում, ըստ որի մինչև ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։

Դեռ մարտի 13-ից Հայաստանի մարզերի (այդ թվում` Արցախի), ինչպես նաև Ջավախքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեծ մասն անցել են հեռավար ուսուցման։ Խմբավարներին տրամադրվել է հեռավար ուսուցման ձեռնարկ։ Նպատակն է ապահովել աշակերտների ու խմբավարների առողջության անվտանգությունը և անխափան ուսումնական գործընթացը։

«Հեռավար ուսուցումն «Արմաթում» երկու կարևոր առաքելություն ունի։ Առաջինը պանդեմիայի ժամանակ ուսուցման անընդհատության ապահովումն է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններում հաճախ աշխատում են, կիրառելով հենց հեռահար գործիքներ, և այժմ մեր սաներին հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների օգտագործմանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթում դասավանդում ենք ծրագրավորման հիմունքներ, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում ու տպագրություն, աշխատանք հաստոցներով։ Հեռավար ուսուցման պայմաններում աշխատանքներ են տարվում հիմնականում ծրագրավորման հիմունքների ու մոդելավորման ուղղությամբ. այն ամենը, ինչ հնարավոր է կազմակերպել հեռահար կերպով։ Խմբավարներին տրամադրված ուղեցույցի մեջ ներառել ենք հավելվածների ու այլ անհրաժեշտ գործիքների ցանկ, որոնցով կարելի է իրականացնլ ուսուցումը, այդ թվում՝ «Արմաթի» պաշտոնական կայքէջը,  սակայն խմբավարին տրված է հնարավորություն՝ ընտրելու գործընթացի կազմակերպման իրեն հարմար միջոցը», – հավելեց «Արմաթ» կրթական ծրագրի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: