ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:
Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, և ամենակարևորը՝ մասնագիտություն: HighTech Talks֊ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:
HighTech Talks շարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին:
Նախագծի առաջին հյուրն է PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:
Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից՝, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության` HTI Armenia կոչվող յութուբյան ալիքում:
HighTech Talks-ի հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:
Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։