Categories: News

Հետազոտություն․ Աքսելերատորները և Ինկուբատորները Հայաստանում 2019

Անցյալ տարին Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար ամենավառ տարիներից մեկն էր։ Բազմաթիվ ինկուբացիոն ծրագրեր, մրցույթներ, դրամաշնորհներ տարբեր ոլորտի ստարտափների համար և բազում հնարավորություններ։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, գիտեն, որ ստարտափների մեծամասնության համար ամենակարևոր բաղադրիչներից են հատուկ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը։ Դրանք օգնում են սկսնակ ձեռնարկատետերին ճիշտ հասկանալ իրենց շուկան, օգտատերերին, շտկել բիզնես պլանը, մասնակցել միջազգային մրցույթների, գտնել ներդրողների և ներդրումներ ներգրավել։

Starthub Armenia-ն որոշել է հետազոտություն կատարել և հասկանալ, թե ինչպես են օգնում ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը երիտասարդ ձեռնարկատերերին, որքան ստարտափ և սկսնակ ձեռնարկատեր է մասնակցում դրանց, ինչպիսի արդյունքների են նրանք հասնում և որքան գումար են ներգրավել անցյալ տարվա ընթացքում։

Այս հետազոտության համար մենք հարցում ենք կատարել հետևյալ ինկուբատորներից և աքսելերատորներից՝ FAST – Foundation for Armenian Science and Technology, Armenia Startup Academy, ISTC, Beeline Startup Incubator, EPIC – Entrepreneurship and Product Innovation Center և StartDoon։

2019 թվականին վերոհիշյալ ստարտափ ինկուբատորները անցկացրել են իրենց ծրագրերի 17 շրջափուլ։ Ամեն շրջափուլ կազմված է հատուկ դասընթացներից և միջոցառումներից։ Դասախոսությունների և բաց քննարկումների ընթացքում երիտասարդ ձեռներեցները ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթանում են էկոհամակարգի ակնառու ներկայացուցիչների հետ։ Անցյալ տարվա ընթացքում տեղի է ունեցել 315-ավել այդպիսի հանդիպում։

Ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է 201 ստարտափ և 488 երիտասարդ ձեռնարկատեր։ Քանի որ հայկական ինկուբատոները և աքսելերատորները սահմանափակումներ չեն կիրառում, ստարտափները հաճախ մասնակցում են մի քանի ծրագրի։ Այդպիսով, վերը նշված ստարտափները և նրանց հետ կապված ցուցանիշները որոշ դեպքերում կարող են կրկնվել։

2019 թվականին նշված ստարտափները շուկա են հանել 70 պատրաստի պրոդուկտ։ Հիմնվել է 76 ընկերություն։

Ստարտափների համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը, որը իրենց կատարած աշխատանքի որակի և կարևորության ապացույցն է, դա ներդրումներն են։ Հայկական ինկուբացիոն ծրագրերը ունեն իրենց ներդրողների ցանցը։ Beeline Startup Incubator-ը համագործակցում է BANA – Business Angel Network of Armenia-ի հետ, Armenia Startup Academy-ն` smartgate.vc-ի, FAST-ը՝ Science and Technology Angels Network (STAN)-ի հետ։ Նաև գոյություն ունեն այնպիսի հրեշտակների ցանցեր, որոնք տարին մի քանի անգամ անցկացնում են pitching session-ներ և հրավիրում ստարտափներին ներկայացնելու իրենց նախագծերն ապագա ներդրողներին։ Այդպիսին է օրինակ AICA – Angel Investor Club Of Armenia-ն։

Ինկուբատորների ներկայացուցիչները նշում են, որ ծրագիրը հաջող ավարտելուց հետո, նրանք հնարավորություն են տալիս ընտրված մի ստարտափներին, որոնց մեջ վստահ են, ներկայացնել իրենց պրոդուկտը ներդրողներին։

Այսպիսով, ըստ ստացված տեղեկատվության հայկական ստարտափները մեկ տարվա ընթացքում ստացել են մոտ $1.872.000-ի ներդրում։

FAST – Foundation for Armenian Science and Technology

FAST հիմնադրամի նորարարությունների առաջատար վերլուծաբան Հայկազ Արամյանը պատմում է, որ FAST-ը ունի ստարտափներին աջակցելու ուղղվածություն։ Հիմնադրամի նախաձեռնություններից մեկը Startup Studio-ն է, որին դիմում են հայկական ստարտափները։

FAST-ը ձեռներեցության զարգացմանը ուղղված երկու հիմնական ծրագրեր ունի: Առաջինը ինկուբացիոն ծրագիր է, որը աջակցում է արդեն գոյություն ունեցող ստարտափներին։ Մասնակիցներին 3-4 ամիս տևողություն ունեցող ինկուբացիոն ծրագրի ընթացքում տրամադրվում co-working space, տարատեսակ դասընթացներ, կրթական ու project մոդուլներով և այլն։

Երկրորդը՝ սկսնակ ձեռներեցների ծրագիրն է (Budding Entrepreneurs): Այն նախատեսված է նրանց համար, ովքեր դեռևս չունեն ստարտափ, բայց ցանկանում են զբաղվել ձեռներեցությամբ։ Նրանք կարող են մասնկացել ծրագրին և ունենալով որևէ գաղափար, և առանց գաղափարի։

Մինչ օրս իրականացվել է երեք շրջափուլ ստարտափերի, և երկու սկսնած ձեռներեցների համար։ Վերջինիս մեկ շրջափուլը ուղղված է եղել միայն կին ձեռներեցներին:

«Երբ սկսեցինք ձեռներեցների առաջին ծրագիրը, հասկացանք, որ 20 հոգու մեծ մասը տղամարդիկ էին։ Մտածեցինք, որ լավ կլինի ծրագիր ունենանք, որը թիրախավորված է հենց կին սկսնակ ձեռներեցների վրա։ Զգացինք, որ դրա պահանջը կար։ FAST-ում մենք ոչ միայն ձեռնարկատիրության մասով, այլ նաև մեր մյուս պրոեկտներում, փորձում ենք ապահովել բալանսը։ Այսիպսով որոշեցինք, որ կանանց համար պետք է առանձին ծրագիր անցկացնել։

Եվ փորձը ցույց տվեց, որ այս ծրագիրը ավելի հաջողված եղավ, քան մեր նախորդ ծրագիրը։ Շնորհիվ կանանց և աղջիկների նվիրվածությանը և կազմակերպվածությանը, վերջնական որակը շատ գոհացնող էր ի տարբերություն մյուս սկսնակ ձեռներեցների ծրագրի։ Մեր հաջորդ ծրագրերում նույնպես հատկացնելու ենք առանձին ուշադրություն այդ կոմպոնենտին», – պատմում է Հայկազ Արամյանը կին ձեռներեցների ծրագրի մասին։

Այժմ FAST-ը ստարտափների աջակցության մոդելից կենտրոնանում է ստարտափների ստեղծման մոդելին։ Այդպիսի մոդելով է անցկացվում վերջերս հայտարարված InVent ծրագիրը։

Այսպիսով, FAST-ը 2019 թվականի ընթացքում անցկացրել է 5 շրջափուլ՝ երեք շրջափուլ ստարտափների և երկու սկսնակ ձեռներեցների համար։ Այդ ծրագրերին մասնակցել է 44 ստարտափ և 80 սկսնակ ձեռներեց։

FAST-ի ներկայացուցիչները նշում են, որ շուկա պատրաստի պրոդուկտ հանել են և Startup Studio-ի ստարտափները, և թիմերը, ովքեր մասնակցել են սկսնակ ձեռներեցների ծրագրին։ Իսկ ընդհանրապես անցյալ տարվա ցուցանիշներով շուկա դուրս է եկել 25 ստարտափ։

Սկսնակ ձեռներեցների ծրագրի անդամները ապահովում են նաև հաջորդ ցուցանիշը։ Երկու ծրագրերը անցած 32 ստարտափ հիմնել է իր ընկերությունը։

FAST-ում նշում են, որ իրենց ստարտափները ներգրավել են մոտ $175,000-ի ներդրում։

Beeline Startup Incubator

Beeline Startup Incubator-ը սկսել է իր գործունեությունը 2018 թվականին։ Այն ժամանակ ծրագրին կարող էին դիմել տարբեր մակարդակի վրա գտնվող ստարտափներ։ Կար կոնկրետ ծրագիր, բաժանված ըստ հստակ թեմաների, որով նրանք սովորում էին։

«Ինկուբատորը ավելի էֆֆեկտիվ դարձնելու և նրա ազդեծությունը մեծացնելու համար, Beeline-ի հետ բանակցելուց հետո որոշեցինք, որ ինկուբատորի պրոյեկտը իրականացնի BANA-ն, քանի որ հիմնականում ստարտափների համար ներդրում ստանալը ամենակարևոր խնդիրներն է։ Սկսեցինք փոխել ֆորմատը։ BANA-ի թիմը սկսեց զբաղվել ինկուբատորի գործունեությամբ։ Որոշեցինք 10 ստարտափի տեղը վերցնել 3-5 ստարտափ և իրենց հետ աշխատել ինդիվիդուալ կարիքներից ելնելով»,- պատմում է BANA-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։

Beeline Startup Incubator-ը 2019-ին անցկացրել է 3 շրջափուլ, 40 դասընթաց ամեն փուլում և թեմատիկ անհատական հանդիպումներ։ 3 շրջափուլերին մասնակցել են 15 ռեզիդենտ և 2 այցելու ստարտափներ։

Ներկա պահին Beeline Startup Incubator-ը չի ընդունում idea-stage ստարտափներ։ Ծրագրին կարող են մասնակցել MVP կամ ինչ-որ չափով traction ունեցող ստարտափներ։ Գրիգորը նշեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց արած գործը և ծախսած ռեսուրսները մաքսիմալ ազդեծություն ունենան հայկական էկոհամակրգի վրա։ «Եվ հենց առաջին ցիկլից հասկացանք, որ ճիշտ ենք ընտրել ֆորմատը, քանի որ առաջին ցիկլի ստարտափներից երկուսը շատ կարճ ժամանակում ներդրում ստացան՝ D՛efekt-ը և 4u.am-ը»։

15 ստարտափներից 11-ը արդեն իսկ պատրաստի պրոդուկտները վաճառում են շուկայում, մյուս 4-ը կավարտեն աշխատանքները և կսկսեն վաճառքները այս տարվա առաջին երկու եռամսյակում։

Beeline Startup Incubator-ի 15 ռեզիդենտ ստարտափներից 13-ը արդեն հիմնված են, իսկ 2-ը ներկա պահին դեռ գրանցված չեն։

«Ամեն անգամ նոր ստարտափ ընդունելուց ծանոթանում ենք իրենց գործունեությանը և ինկուբատորի թիմը դառնում է իրենց թիմի մի մաս։ Կախված նրանից, թե իրենց ինչ է պետք միասին որոշում ենք և դնում ենք KPI-ներ, որոնցով չափելու ենք իրենց հաջողությունը և աճը, և սկսում ենք հետևել, թե արդյոք թիմը պլանավորվածով առաջ է գնում։ Եթե ոչ, ապա անում ենք այն ամենը, ինչ պետք է, որ իրենք հասնեն այդ KPI-ներին։ Երկու շաբաթը մեկ հավաքվում ենք բոլոր ստարտափների թիմերով և բոլորը պատմում են, թե ինչ են արել, հասել են արդյոք իրենց KPI-ներին, թե ոչ։ Այդ օրերին նաև հրավիրում ենք BANA-ի ներդրողներին և ծանոթացնում ենք նրանց ստարտափների հետ», – կիսվում է Գրիգորը։

Beeline Startup Incubator-ի 4 ստարտափներ արդեն ստացել են ներդրումներ։

Նշենք, որ 5 ստարտափներ մասնակցել են միջազգային կոնֆերանսների և ստարտափ մրցույթների, իսկ նրանցից 3-ը ստացել են թոփ մրցանակներ: WCIT 2019 Lightning Rounds-ի շրջանակներում Beeline Startup Incubator-ը ավարտած 2 ստարտափ գրավել են մրցույթի 1-ին և 2-րդ հորիզոնականները, և ChainPoint 19-ի շրջանակներում անցկացված մրցույթում 1 ստարտափ ստացել է 1-ին տեղի մրցանակ:

«Beeline Startup Incubator-ի գլխավոր նպատակը Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացումից բացի, tech-ը դարձնել Հայաստանի տնտեսության և երկրի ամենահզոր մասը, որը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը։ Գլխավոր նպատակն այն է, որ Հայաստանի անունը ամեն տեղ հնչի, ունենանք ավելի շատ ընկերություններ, որոնց մասին կարող ենք հպարտությամբ ասել՝ սա հայկական է, սկվել է Հայաստանից, զարգացել է ամբողջ աշխարհով, ու մենք դրա մեջ մեր ներդրած լուման ունենանք։

Մինչև հիմա տեսնում ենք, որ հաջողությամբ առաջ ենք գնում։ Արդեն IT ոլորտը Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեծ մաս է դառել և տարեց տարի աճում է»,- նշում է BANA-ի ղեկավարը։

StartDoon

StartDoon-ը աքսելերացիան կազմակերպում է անհատապես, այլ ոչ թե ընդհանրական շրջափուլերով։  Ելնելով անհատական մոտեցման սկզբունքից՝ StartDoon-ը աշխատում է քիչ քանակով ստարտափների հետ՝ յուրաքանչյուրին ուղղորդելով, տրամադրելով լուծումներ ստարտափի անհատական կարիքների հիման վրա։

2018թ․ մայիսից StartDoon-ը աշխատել է 12 ստարտափի հետ։ Ներկայումս ծրագրի թիմը աշխատում է 4 հայկական, 2 ֆրանսիական ստարտափների հետ։ 3 ստարտափ շուկա է հանել պատրաստի պրոդուկտներ և հիմնվել է 3 ընկերություն։

Աքսելերացիոն ծրագիրը անցկացրել է StartDoon@Blaise գաղափարների մրցույթը Ֆրանսիական hամալսարանի, Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հետ համատեղ։

Ծրագիրը դպրոցի ավագ դասարանների աշակերտներին ընձեռել է հնարավորություն վերլուծել արդի հիմնախնդիրները, ճանաչել հասարակության տարբեր կարիքներն ու մտածել կարիքների յուրօրինակ լուծումների մասին, կատարել շուկայի վերլուծություն, սովորել՝ ինչպես խոսել հանրության առաջ։ Դասընթացները ծանոթացնում են ավագ դպրոցի աշակերտներին ստարտափի ստեղծման, զարգացման և շուկա դուրս գալու հիմնական փուլերին։ Դասընթացների վերջում աշակերտները ներկայացրել են իրենց գաղափարը և ստացել աջակցություն իրականացնելու իրենց պրոյեկտները։

Կազմված 3 ստարտափներից մեկը՝ WorkShop-ը շարունակում է գործունեությունը, իսկ StartDoon-ի թիմը աշխատում է ստարտափի զարգացման ուղղությամբ։

EPIC

EPIC-ի ծրագիրն իրականացվում է տարեկան երկու անգամ՝ գարնանային և աշնանային ծրագրաշարերի տեսքով։ Գարնանայինը մեկնարկում է փետրվարից, իսկ աշնանայինը՝ սեպտեմբերից։

Ծրագրաշարի շրջանակներում նախատեսվում է 12 շաբաթանոց ծրագիր, ինչը ենթադրում է հատուկ դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Այդ դասախոսությունների կենտրոնական թեմաներն են հաճախորդի բացահայտումը և ստարտափ հիմնելու փիլիսոփայությունը։ Ծրագրի մյուս մասը կրթական է, որի ընթացքում ստարտափներին տրամադրվում են հավելյալ գիտելիքներ։ Պարտադիր չէ, որ դրանք կիրառվեն հենց ծրագրաշարի ընթացքում։

Կենտրոնի տարածքը ռեզիդենտների համար օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, տարեկան 365 օր բաց է։ Ծրագրի սկզբից EPIC-ը տրամադրում մասնակիցներին ID քարտեր, որոնց միջոցով նրանք կարող են մուտք գործել տարածք, երբ ցանկանան։ Նրանք նույնիսկ կարող են այդտեղ գիշերել։

EPIC դիմելու համար կա ընդամենը մեկ պայման՝ թիմում մի հոգի պետք է լինի նախկին կամ ներկա Ամերիկյան համալսարանի ուսանող։

Անցյալ տարի ինկուբատորը ունեցել է 2 շրջափուլ։ Այդ ընթացքում EPIC-ը անցկացրել է շուրջ 50 դասընթաց տարբեր թեմաների վերաբերյալ։

2019 թվականին ինկուբացիոն ծրագրին մասնակցել են 18 ստարտափ և 70 ապագա և ներկա ձեռներեց։ Ներկա պահին EPIC-ի ստարտափներից արդեն 3-ը շուկա են հանել պատրաստի պրոդուկտ և հիմնվել է 2 ամբողջական ընկերություն։

2019 թվականի օգոստոսին EPIC-ը իրականացրել է Create Up նախինկուբացիոն ծրագիրը և հանդես է եկել որպես Global Game Jam և Game Dev Conference նախաձեռնությունների համակազմակերպիչ:

Armenia Startup Academy

Armenia Startup Academy-ն նախաաքսելերացիոն ծրագիր է տեխնոլոգիական ստարտափների համար։ Նրանք կարող են լինել տարբեր ոլորտների ստարտափներ՝ AI/ML, IօT, Healthtech, Traveltech և այլն։ Ծրագիրը տևում է 12 շաբաթ, որի ընթացքում ծրագիրը աշխատում է ստատափների հետ իրենց բիզնես կողմից։ Կազմակերպիչները փորձում են գտնել պոտենցիալ մուլտիմիլիոնանոց ապագա ընկերությունները, որոնք դուրս կգան միջազային շուկաներ և օգնում են նրանց այդ ճանապարհին։

Ակադեմիայի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել Հայաստանում ներդրումների պատրաստ ստարտափներ, որոնք դուրս կգան եվրոպական և ԱՄՆ շուկաներ։  Կազմակերպիչները ցանկանում են Հայաստանում շատացնել ստարտափները, ուժեղ թիմերը, որոնք և լավ պրոդուկտ ունեն և կարող են առաջ շարժվել։ Դա կօգնի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

Մինչ այժմ անցկացվել է 2 շրջափուլ, որոնց ընթացքում ավելի քան 80 դասընթաց: Ծրագրի տարբեր շրջանների ընթացքում ընդգրկված են եղել 38 ստարտափ։ Նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցել է 99 ձեռներեց։

«2019 թվականին գարնանը չորրորդ շրջափուլն է եղել, նրան մասնակցել է 20 ստարտափ, որից 15-ը ավարտել է։ Ստարտափների մեծ մասը շարունակում են աշխատել իրենց պրոդուկտների վրա, բավականին պոտենցիալ ունեցող ստարտափներ են։ Ինձ թվում է, որ իրենց մասին դեռ կլսենք», – պատմում է Armenia Startup Academy ծրագրի մենեջեր Աննա Թանթուշյանը:

Ներկա պահին ծրագրի մասնակից 21 ստարտափ շուկա է հանել պատրաստի պրոդուկտ և հիմնվել է 26 ընկերություն։

«Lucky Carrot-ը և RendChain-ը եղել են մեր 4-րդ շրջափուլից, Embry-ն, EarlyOne-ը, Breedge-ը, Himnark-ը` առաջին, իսկ ForgeFiction-ը և Expper Technologies-ը ստացել եմ ներդրում SmartGateVC-ից»։

Armenia Startup Academy-ի ստարտափները հաճախ մասնակցում են միջազգային և տեղական մրցույթների։

Ներդրումների հետ կապված իրավիճակը հետևյալն է. ստարտափները ավելի քան 1.5 մլն․ եվրո ներդրումներ են ներգրավել` վենչուրային կապիտալի, հրեշտակային ներդրումների և գրանտերի տեսքով։ Շրջանավարտները մեծ հաջողությունների են հասել միջազգային հարթակներում՝ հաղթանակներ են գրանցել WCIT 2019 և Index Ventures Tech Summit-ի ընթացքում:

«WCIT-ի 6 մրցանակների 4-ը մեր ստարտափներն են եղել՝ կամ Smartgate-ի պորտֆոլիոյից, կամ Armenia Startup Academy-ի շրջանավարտներից։ Դրանց թվում էին Virtlo-ն, Embry-ն և ForgeFiction-ը։

Բացի դրանից ստարտափների այլ pitching մրցույթներում են հաղթել՝ Sevan Startup Summit-ում են հաղթել, մի քանի մրցանակ են ստացել Index Ventures Tech Summit-ի ժամանակ»,- կիսվում է Աննան։

ISTC

ISTC-ն 2019 թվականի ընթացքում անցկացրել է 3 աքսելերացիոն շրջափուլ, յուրաքաչյուրը 6-8 ամիս տևողությամբ:

Առաջին երկու ծագրերը եղել են Climate Change Tech Accelerator-ի շրջանակներում։ Առաջին աքսելերացիոն ծրագրի թիմերը միտված էին լուծելու գյուղատնտեսության և անտառապահպանության խնդիրները։ Երկրորդ ծրագրի ընթացքում թիմերը փորձում էին լուծել քաղաքային կայուն զարգացման խնդիրները։

«Նախորդող տարվա ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ենք հաստատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM VA-ի, Ասիական Զարգացման Բանկի, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի հետ մի քանի աքսելերացիոն ծրագրեր իրականացրելու շրջանակներում։ Climatе Change Tech Accelerator (CCTA)-ի առաջին շրջափուլը թիրախավորել է անտառային տնտեսությունների և գյուղատնտեսական խնդիրներով զբաղվող ստարտափներին։ Ծրագրին դիմած բազմաթիվ ստարտափներից միայն 10-ը անցան հիմնական աքսելերացիոն փուլ։

Climatе Change Tech Accelerator (CCTA)-ի երկրորդ շրջափուլը թիրախավորում էր Քաղաքային Կայուն Զարգացման խնդիրները, այն է՝ օդի, ջրի աղտոտվածությունը, քաղաքային այգեգործությունը, խելացի երթևեկությունը և այլն։

Յուրաքանչյուր CCTA ծրագիր 5 զուգահեռ ուղղությունների համախումբ է` բիզնես, տեխնոլոգիական, impact, մենթորության և ոլորտի փորձագետների հետ 1-1 հանդիպում-քննարկումների: Առաջինը բիզնես ուղղվածության ծրագիր է` 20-25 վորքշոփներով, երկրորդը՝ tech ուղղվածության 10-15 վորքշոփ։ Եվ երրորդը Impact մոդուլն է, որի ընթացքում ստատափները սովորում են ինչպես իրենց բիզնես-մոդելը ավելի կայուն ձևով առաջ տանել։ Այս մոդուլի հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ստարտափը ՄԱԿ-ի 17 կայուն զարգացման նպատակներից որոնք կարող է թիրախավորել։

Ամբողջ ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ստարտափին կից աշխատում է մի մենթոր, ով և ուղղորդում է ստարտափին 6 ամիսների ընթացում։ Ամփոփելով՝ ծրագրի շրջանակներում օգնում ենք սկսնակ և կայացած թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին, ովքեր աշխատում են կլիմայական փոփոխություններից առաջացած խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ տալու ուղղությամբ՝ զարգացնել իրենց արտադրանքը և տեղափոխել տարածաշրջանային և միջազգային շուկաներ։

ISTC և ImpactAim համագործակցության ընթացքում ստեղծված աքսելերացիոն ծրագրերը տարբերվում են համաշխարհային նմանատիպ ծրագրերից։ Սկզբից մենք անցկացնում ենք thinkathon` հավաքելով էքսպերտների խումբ, հասկանալու, թե որոնք են օրինակ Քաղաքային Կայուն Զարգացման կամ Անտառային տնտեսությունների ամենակարևոր խնդիրները, որոնց լուծման համար ցանկանում ենք ստարտափներ գտնել։

Հաջորդ փուլը հաքաթոնն է, որը անց է կացվում այդ թեմաների շուրջ։ Այստեղ արդեն մասնակցում են idea-stage մակարդակի ստարտափները։ Հիմնականում 3-ը հաղթողներ են ճանաչվում և միանգամից հնարավորություն ստանում մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։ Այս ամենին հաջորդում է բուն աքսելերացիոն փուլը՝ կազմված հայաստանյան և միջազգային ստարտափներից։ 6 ամիս անց մասնակիցները այլևս պատրաստ են լինում ներկայանալ ներդրողների առջև և մասնակցել միջազգային գագաթնաժողովների, ինչպիսիք են օրինակ WebSummit-ը, Rise Conference-ը»,- կիսվում է ISTC-ի աքսելերացիոն ծրագերի ղեկավար Գայանե Հակոբյանը։

Հաջորդ աքսելերացիոն ծրագիրը հատուկ կանանց և երեխաներին տեխնոլոգիական և բիզնես հմտություններ տրամադրող Accelerator #5-ն է, որի մասնակիցներից ստեղծել են 5 ստարտափ թիմեր։

Ընդհանուր առմամբ 2019թ աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է 21 ստարտափ և 50-ից ավել մասնակից։ Ծրագրերի ընթացքում անցկացվել է 80-ից ավել մասնագիտական դասընթաց։

ISTC-ի ներկայացուցիչները նշում են, որ անցյալ տարվա ընթացքում շուկա դուրս է եկել 7 պատրաստի պրոդուկտ։

Անցկացվել են բազմաթիվ դեմո օրեր, հաքաթոններ, Startup Europe Weeks  միջոցառումները։

ISTC-ի աքսելերացիոն ծրագրերին մասնակցող ստարտափների մեջ կան նաև այնպիսիք, որոնք ներդրումներ են ներգրավել։ Դրանց ցուցակում են Forest Guard-ը, որը մասնակցել է CCTA ծրագրի առաջին շրջափուլին և տարբեր փուլերով ֆինանսավորում է ստացել։ CCTA երկրորդ շրջափուլից YerevanRide-ն է, որը նույնպես տարբեր գրանտերի է արժանացել։ Ներուժից գրանտ է ստացել նաև GaroonTech ստարտափը։

———–

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Share