2019-ին Չինաստանում սկիզբ առած և 2020-ին աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր է տնտեսության և բիզնեսների համար: Մի շարք բիզնեսներ ստիպված դադարեցրեցին գործունեությունը, մյուսները կենտրոնացան օնլայն վաճառքների վրա, իսկ որոշները առաջին անգամ բացեցին էջեր Facebook-ում և այլ սոցիալական հարթակներում:
Ինչպե՞ս 0-ից մտնել թվային աշխարհ և անել առաջին օնլայն վաճառքները առանձին ու երկար թեմա է: Բայց այսօր ուզում եմ խոսել այն բիզնեսների մասին, ովքեր վաղուց «օնլայն» են, ունեն թվային առաջխաղացման ռազմավարություն, կոնտենտ պլան առաջիկա ամիսների համար:
Ինչպե՞ս պետք է նրանք փոխեն իրենք վարքագիծը կորոնավիրուսի հետևանքով, կամ արդյո՞ք պետք է փոխել:
Պատասխանը՝ միանշանակ այո է: Պետք է վերանայել և փոփոխել ձեր կոնտենտ օրացույցը, բայց ոչ ամբողջությամբ, պետք է չհեռանալ ռազմավարությունից, այլ կենտրոնանալ այս պահին մարդկանց համար օգտակար կոնտենտի վրա: Օրինակ՝
#DisbrandChallenge և #StayHome
Հետաքրքիր նախաձեռնություն-մարտահրավերով հանդես եկավ ԼՈՖԹ ընկերությունը, կարևորելով այս օրերին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը, կոչ արեց ընկերություններին միանալ #DisbrandChallenge-ին: Չելենջի մասնակիցները չնչին փոփոխություններ արեցին իրենց բրենդի լոգոյի վիզուալում, որպեսզի մարդկանց ևս մեկ անգամ հորդորեն մնալ տալը և պահպանել սոցիալական հեռավորություն՝ վարակից խուսափելու համար:
Նախաձեռնությանը միացած ընկերությունների ցանկը կարող եք տեսնել The Loft-ի ֆեյսբուքյան էջում
Բացի չելենջի մասնակիցներից, շատ բիզնեսներ զգուշացնում են, որ արտակարգ դրության օրերին փակված են լինելու, կվերաբացվեն միայն այն ժամանակ, երբ վիրուսի վտանգը նահանջի, և հորդորում են իրենց հետևորդներին մնալ տանը, լինել առողջ: Հաճախ օգտագործվող հեշթեգերն են՝ #StayHome #StaySave #StayAtHome #Covid19 #Lockdown #coronavirus:
Տարածեք դրական ինֆորմացիա
Քանի որ արտակարգ դրությունը շարունակվում է, և մարդիկ ստիպված են մեկուսանալ իրենց տանը, անգամ առողջ մարդիկ իրենց վրա զգում են վիրուսի հոգեբանական ազդեցությունը: Անվերջ թերթելով #Covid19-ով ողողված նյուզֆիդը՝ մարդիկ կարող են խորը ընկճախտ զգալ, այդ պատճառով ցանկացած դրական ինֆորմացիա, ուսուցողական և հետաքրքիր նյութ, տրամադրությունը բարձրացնող կոնտենտ, որը արժեքավոր կլինի մարդկանց համար, կարող եք տեղադրել սոցիալական ցանցերում:
*Մեկ շաբաթում կորոնավիրուսի մասին արվել է 131.1 մլն public թվիթ: Աղբյուրը՝ khoros.com
Եթե անգամ Ձեր բիզնեսը փակ է, մի պասիվացեք սոցիալական ցանցերում, պարբերաբար հիշեցրեք Ձեր հաճախորդներին, որ կարոտել եք նրանց, կամ տրամադրությունը բարձրացնող հրապարակումներ արեք:
Ձեռքը պահեք լրատվական զարկերակին
Այս հոդվածը գրելու պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1,199,174 է, մինչև ավարտեմ, խմբագրեմ ու ձեզ հասանելի դարձնեմ հոդվածս կանցնի մեկ օր, իսկ այդ ընթացքում աշխարհում թիվը կտրուկ աճած կլինի, ինքներդ կարող եք ստուգել այս հղմամբ:
Ցավոք, հիվանդների թվի աճին զուգահեռ, մեծանում են նաև մահվան դեպքերը: Հետևաբար մի գրե՛ք վաճառքը խթանող կամ զվարճալի գրառումներ, երբ զոհեր կամ տխուր լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում: Չորս տարի առաջ՝ հենց այս օրերին, բազմաթիվ կազմակերպություններ, որոնք չէին դադարեցրել ապրիլի 7-յան գովազդային արշավները, կանգնեցին լուրջ խնդրի առաջ, և արժանացան բացասական վերաբերմունքի սոցիալական ցանցերի օգտվողներից: Հենց այդ օրերին սահմանին քառօրյա պատերազմն էր և զոհվում էին զինծառայողներ: Եղե՛ք զգոն և մի՛ ստիպեք, որպեսզի մարդիկ թափեն իրենց բարկությունը Ձեր բրենդի վրա:
Ստեղծե՛ք գովազդային արշավներ և կենտրոնացեք հաճախորդների սպասարկման որակի բարձրացման վրա
Որքան էլ տարօրինակ հնչի, այս պահին գովազդներն ավելի էժան են: Իրականում ոչինչ տարօրինակ չէ, շատ բրենդեր դադարեցրել են իրենց ակտիվ գովազդներն, այդ պատճառով գովազդներն ավելի էժան են դարձել: Ըստ Social Bakers-ի նվազել է CPC (մեկ քլիքի արժեքը) 19%-ով բրենդերի համար, $0.110-ից դառնալով $0.089, e-commerce ոլորտում այն նվազել է 22% վերջին երկու ամսվա համեմատ ($0.099-ից՝ $0.077), իսկ մանրածախ սննդի ոլորտում նվազել է 33%:
Այսպիսով կորոնավիրուսը շատ վատ առիթ, բայց լավ հնավորություն է ավելի մատչելի գովազդ միացնելու համար:
Ակտիվացրե՛ք գովազդներ Facebook-ում, Instagram-ում և Google-ում, օգնե՛ք մարդկանց, որպեսզի հեշտությամբ կարողանան գտնել այն, ինչ փնտրում են այս օրերին: Հնարավորինս արագ արձագանքեք մարդկանց բոլոր նամակներին և մեկնաբանություններին՝ բարձրացնելով Ձեր բրենդի վարկանիշը:
Այս օրերին շատ ռեստորաններ մեկնարկել են սեփական առաքման ծառայությունը, այն էլ անվճար, սննդի առաքման մի շարք ծառայություններ մեծացրել են առաքիչների քանակը, որպեսզի ժամանակին կարողնան հասցնեն պատվերները:
Որքան էլ հիմա դժվար ու անսովոր է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ձեր բիզնեսի համար, հիշե՛ք, որ այս ամենը ժամանակավոր է, Դուք նորից վերադառնելու եք Ձեր բնականոն գործունեությանը, վաճառքի տեմպերը կրկին աճելու են, Ձեր սպառողը կրկին օգտվելու Ձեր ծառայություններից կամ ապրանքներից, շարունակելու են բարձր մնալ օնլայն և անկանխիկ գնումների քանակը:
ԱՐՄԻՆԵ ԱՓԻՆՅԱՆ