Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթ
News 14/05/2020 13:51

2020-ը պատմության մեջ կամրագրվի որպես աշխարհի արմատական վերափոխման տարի, որը կարող են անմահացնել նաև տպավորիչ լուսանկարները: Այդ նպատակով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով:

Հիմնադրամում նշում են, որ մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչև 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերում՝

– Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

– Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

– Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 22-ն է, ժամը՝ 23։59 (ՀՀ ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ և ներբեռնել ներկայացվող լուսանկարները:

Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի և դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:

«Մարդկային մտքի ճկունության և ստեղծագործ մոտեցման շնորհիվ տարբեր իրավիճակներում վերափոխվելու կամ ադապտացվելու մասին սերունդներին պատմում են արձանագրված փաստերը: Փնտրում ենք լուսանկարներ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում ինչպես է ընթանում արժեքների վերափոխումը, առաջնայնությունների վերանայումը և ադապտացումը նոր միջավայրին»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը: 

Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձևափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն և առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․փոստի հասցեով։