Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար
News 18/05/2020 17:40

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին «Traction» ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ 10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները և ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագրով և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։

Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․

– Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),

– Գործարկել  են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն  մինչև մայիսի 31-ը,

– Ներգրավել են նվազագույնը  20,000 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),

– Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Աշոտ Արզումանյանը նշում է. «Traction ծրագիրը բխում է էկոհոմակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու և աճի կամ վաճառքների ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել և ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել և դուրս գալ համաշխարհային ասպարեզ։ «ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 1․28 մլն եվրո ներդրում դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ձևով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից:

Հետևաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ», – նշեց նա:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարևոր են, և, այսուհանդեձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարևոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնլու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների և ներգրավեն միջազգային ներդրումներ», – ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից․ մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, – նշում է  «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Համբարձում Քաղկեցյանը, – Այս կառուցվածքը  հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման մասին մանրամասները հասանելի են այստեղ)։  Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը կազմում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:

«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։