Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ընդունվում են հայտեր «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության համար
News 19/05/2020 10:22

Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու  դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝

– կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,

– կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,

– կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,

– կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝ 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական (հայերեն և անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երևանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից և Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։

«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձևաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:

Դասընթացի ավարտին՝ 50% և ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի  ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի  մասնակցության տեղեկանք։

Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում և դասընթացները կազմակերպվելու են մինչև տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար:

Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձևավորված կայք-էջ: