HighTech Talks շարքի հյուրը ամերիկյան SADA ընկերության գլխավոր տնօրեն Թոնի Սաֆոյանն է, ով կխոսի «Ոլորտների տրանսֆորմացիան ամպային տեխնոլոգիաների շնորհիվ» թեմայի շուրջ: Այն տեղի կունենա մայիսի 20-ին 19։00-ին։
Զրույցներն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել՝ հետևելով ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին, իսկ ավարտից հետո տեսանյութերը տեղադրվում են նախարարության՝ HTi Armenia Youtube-յան ալիքում:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:
HighTechTalks նախագիծը հյուրընկալում է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր վարում են զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն է ընձեռվել նաև մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, և ամենակարևորը՝ մասնագիտություն:
HighTechTalks նախագիծը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:
HighTech Talks-ի հետագա առցանց հաղորդումների շրջանակներում ևս թեմատիկ ելույթներով հանդես են գալու ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսելու են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:
Բանախոսները զրուցելու են աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և գնահատելու իրավիճակը ՏՏ ոլորտի տեսանկյունից, բարձրաձայնելու են ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։