«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը։
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի ստարտափներին Երևանում և մարզերում:
Առաջին փուլում մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած 88 թիմերից ու կազմակերպություններից 21-ն անցել են երկրորդ փուլ։
Մրցույթի շրջանակում՝ հունիսի 3-ից 10-ը ՁԻՀ-ը կազմակերպում է Առցանց Բութքեմփ/Վեբինար/՝ մրցույթի կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցների համար:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու խորհրդատվություն (մենթորություն)՝ հայաստանյան և արտասահմանյան առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի հաջողակ գործարարների կողմից: Վեբինարի ընթացքում խոսնակները կանդրադառնան ստարտափների համար այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ ներդրումների ներգրավումը, շուկայում դիրքավորվելը, մրցակիցների նկատմամբ առավելությունների ձեռք բերումը:
Վեբինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մասնակիցներին կօգնեն պատրաստվել առաջիկայում կայանալիք Վենչուրային համաժողովին, որի ընթացքում էլ կընտրվեն դրամաշնորհային մրցույթի հաղթողները: