2019 թվականի աշնանը Երևանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT 2019 Yerevan), կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, նշանակալի և հիշարժան տեխնոլոգիական կոնֆերանս էր, որն իր բովանդակային ու կազմակերպչական առանձնահատկություններով բարձր նշաձող սահմանեց Հայաստանում։
ԱՏՁՄ-ն հետհայացք է գցում WCIT 2019-ին՝ հրապարակելով հատվածներ համաժողովի նշանակալի պանելային քննարկումներից և ելույթներից: Հունիսի 10-ին՝ 19:00, կհեռարձակվի Գարիկ Իսրայելյանի ելույթը։
Դոկտոր Գարիկ Իսրայելյանը (PhD, 1992) իսպանահայ աստղաֆիզիկոս է, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Նա որպես խոսնակ հանդես է եկել մի շարք միջազգային կոնֆերանսների։ Հրապարակել է ավելի քան 500 գիտական հոդված տարատեսակ թեմաների վերաբերյալ։ Իսրայելյանի հայտնագործությունները լայնորեն լուսաբանվել են BBC, CNN, RT, Euronews, TVE, NBC և այլ ճանաչված լրատվականների կողմից։
Իսրայելյանի կարևորագույն գիտական ներդրումն է համարվում 1999 թվականին Nature ամսագրում հրապարակված հոդվածը։ Վերջինում նա ներկայացրել է, թե ինչպես է իր ղեկավարած միջազգային թիմը գտել առաջին դիտորդական ապացույցները, որ գերնոր աստղերի պայթյուններն են պատասխանատու աստղային զանգված ունեցող սև խոռոչների ձևավորման համար: Սթիվեն Հոքինգը մեջբերել է գիտնականի այս հայտնագործությունը իր «Քվանտային սև խոռոչներ» հրապարակային ելույթի ընթացքում (STARMUS փառատոն, 2014, Տեներիֆե)։
Իսրայելյանը STARMUS փառատոնի հիմնադիր տնօրենն է, որի մասին Սթիվեն Հոքինգն ասել է. «Խնդիրների այսքան ահռելի քանակով ու լուծումների պակասով ողողված աշխարհում STARMUS-ը հույսի շող է»։ 2009 թվականին Իսրայելյանը հրավեր ստացավ՝ ելույթ ունենալու Օքսֆորդում անցկացվելիք «TED Global» նախագծի շրջանակներում։ 2014 թվականին Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների կառավարության կողմից արժանացել է Կանարյան կղզիների ոսկե մեդալի։