Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում կազմակերպում է ևս մեկ բաց առցանց դասընթաց՝ «Ձեռներեցից՝ ձեռնարկություն»՝ մշակված հատուկ այն հայ կին ձեռներեցների համար, որոնք ձգտում են կատարելագործել բիզնես աշխատելաոճը ու կերտել հաջողված բիզնես՝ մեր երկրում։
Դասընթացը միտված է զարգացնելու առաջնորդության և կառավարման հմտությունները՝ շեշտադրելով թիմային ճիշտ ռազմավարության մշակումը, առողջ կորպորատիվ մշակույթի ձևավորումը և զարգացման ուղիների ուրվագծումը։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն նաև բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման ու դրա համար անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման թեմաները։
Դասընթացը կօգնի մասնակիցներին հստակ պատկերացում ձեռք բերել սեփական բիզնեսի զարգացման, հնարավոր փոխակերպման, պոտենցիալ շուկաներ գրավելու և արժեքներ ստեղծելու վերաբերյալ։
Դասընթացի թեմաներն են․
– Լայն մտածողություն և գլոբալ հայացք,
– Տեսլական, առաքելություն և արժեքներ,
– Փոխակերպում դեպի ձեռնարկություն,
– Հաջողված ձեռնարկություն ունենալու նախապայմաններ,
– Մարդիկ, մշակույթ և կազմակերպական զարգացում,
– Առաջնորդության սկզբունքներ և «ձախողման մշակույթ»,
– Մասշտաբայնացում և աճ,
– Փոփոխությունների և ճգնաժամերի կառավարում։
Դասընթացի յուրաքանչյուր թեմա ամփոփվելու է հաջողության պատմությամբ և փորձի փոխանակմամբ՝ հրավիրյալ գործարարների կամ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դասընթացներ
Դասընթացը վարելու է Մարիամ Համբարձումյանը, ով 2mindS ընկերության համահիմնադիրն է և տնօրենը։ Նա նաև The Crowdfunding Formula ընկերությունների խմբի և Milenium5 Production House-ի բաժնետեր է և կառավարման խորհրդի անդամ։ Մարիամը ընդգրկված է մի շարք սկսնակ ընկերությունների խորհրդատվական թիմերի կազմում, Global AM հասարակական կազմակերպության անդամ է և խորհրդատու։ Նա ունի մարդկային կապիտալի և բիզնեսի կառավարման ու խորհրդատվության ավելի քան 20 տարվա փորձ, մշակել և հաջողությամբ վարել է տարատեսակ դասընթացներ։ Իրավագիտության մագիստրոս է։
Մանրամասներ
Դասընթացն անվճար է։ Աշխատանքային լեզուն հայերենն է։
Դասընթացը նախատեսված է բացառապես կին ձեռնարկատերերի և ձեռնարկությունների կին տնօրենների համար։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։