Categories: News

«Ճանապարհ դեպի Օգտատերերի հաջողություն» Անի Գրիգորյան, Picsart

«Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում» նախագծի հաջորդ հյուրը «Picsart» ընկերության Օգտատերերի հաջողությանն աջակցող թիմի ղեկավար Անի Գրիգորյանն է:

Նա ուսուցողական զրույց կվարի «Ճանապարհ դեպի Օգտատերերի հաջողություն»  թեմայի շուրջ:

Զրույցն ուղիղ կհեռարձակվի ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջով հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ին: Բոլոր նրանք, ովքեր ունեն հարցեր թեմայի վերաբերյալ, կարող են գրել իրենց հարցերը մինչ եթերը և եթերի ընթացքում: Մասնագետը կպատասխանի բոլոր հարցադրումներին:

Ծրագրի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում մեկնարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվում է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»:

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Նախագծի շրջանակներում ներկայացվում են բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA մասնագետ, մուտք գործել UI/UX-իաշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչև թվային մտածողություն, ինժեներական և ծրագրային ապահովում:

Իսկ այդ ամենը մատուցվում են ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ (էքսպերտներ): Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևով կիսվում են այնպիսի անվանի և հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են «Earlyone»-ը, «PicsArt»-ը, «Chessify»-ը, «RenderForest»-ը, «Volterman»-ը, այլ առաջատար ընկերություններ:

Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ հեռարձակվում են ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia:

Ուղիղ եթերի վերջում փորձագետները պատասխանում են նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին:

Ընդհանուր տևողությունը նախատեսված է շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը տեղադրվում է նաև նախարարության յութուբյան(youtube) ալիքում:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն, ինչպես նաև առկա է հնարավորություն մուտք գործելու բարձր տեխնոլոգիական ոլորտ, որն առավել պահանջված է այս օրերին և ճկուն է:

Edutainment-ն առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Share