Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյան․ այժմ ստարտափ ստեղծելու լավագույն ժամանակն է
News 03/07/2020 11:47

PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը սիրում է պատմել, որ իր ստարտափի միտքն եկավ այն բանից հետո, երբ մի օր նա տուն եկավ և տեսավ արտասվող 10-ամյա դստերը. համացանցում քննադատել էին նրա նկարները: Ի տարբերություն բջջային հավելվածների մեծամասնությանը, որոնք կենտրոնացած էին iOS-ի վրա, PicsArt-ը սկսեց ստեղծել իր պրոդուկտը Android-ի համար, քանի որ Երևանում, որտեղ տեղակայված էր Ավոյանի թիմը, ավելի շատ օգտվում էին հենց այս օպերացիոն համակարգից։

Ցածր մրցակցության շնորհիվ ծրագիրը արագորեն միլիոնավոր օգտատերեր ստացավ տարբեր երկրներում և ներդրումներ ներգրավեց լեգենդար Sequoia Capital-ի կողմից: Հովհաննես Ավոյանը պատմել է ռուսական Inc. ամսագրին, ինչ է պետք անել համավարակի պայմաններում, որպեսզի թիմը նույն հունով շարունակի աշխատել, և ինչու է հիմա հենց այն ժամանակը, երբ պետք է սկսել սեփական ստարտափը:

– Ինչպե՞ս է ազդել համավարակը PicsArt-ի վրա:

– Այս ընթացքում մենք ունեցանք աճ, որը չէինք սպասում, և դրա շնորհիվ մեր բոլոր ցուցանիշները լրջորեն աճեցին: Օրինակ, ապրիլին մեր կրիտիկական չափանիշներից մեկը` հարթակում կատարված խմբագրումների քանակը, աճել է 15-20%-ով, և այդ ցուցանիշը հասել է 1 միլիարդի: Ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 150 միլիոնը (համեմատության համար, Instagram-ում ամսական ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր կա)։

Եկամուտներն աճել են մոտ 5%-ով, իսկ գովազդների շնորհիվ ծախսերը կրճատվել են մոտ 20%-ով: Այս տարի մենք չէինք պլանավորել շահույթ ունենալ. նախատեսել էինք ավելի շատ ներդրումներ կատարել մարքեթինգի և բրենդինգի մեջ: Բայց հիմա որոշեցինք մի փոքր դադար ունենալ:

Ներկա պահին, իհարկե, ամեն ինչ թվում է, որ լավ է, բայց ով գիտի, թե ինչ կլինի 3-5 ամիս հետո, երբ տնտեսությունը կզգա տեղի ունեցածի մեծ հետևանքները:

– Եկամուտն աճել է այն պատճառով, որ ակտիվացել են հին օգտատերերը, թե՞ ավելացել են նոր մարդիկ:

– Երկուսն էլ: Օրինակ՝ սովորաբար օգտատերերի քանակը աճում է հանգստյան օրերին, երբ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն, իսկ համավարակի ժամանակ քանակը համարյա նույնն է, որովհետև աշխատանքային օրերն ու հանգստյան օրերը գրեթե ոչնչով չեն տարբերվում:

– Երբ պարզ դարձավ, որ մոտ ապագայում մարդիկ կարանտինի պատճառով ավելի շատ են օգտվելու տարբեր սոցիալական ծառայություններից, այդ թվում PicsArt-ից, ի՞նչ արեցիք:

– Մեր հավելվածը ունի հետաքրքիր հատկություն. շատերն ասում են, որ դա ոչ միայն օգնում է նկարներ խմբագրել, այլև հանգստացնում է: Նույնիսկ դեպք է եղել, երբ բժիշկը իր հիվանդին PicsArt-ն է նշանակել։ Հիվանդը դեպրեսիայի մեջ էր: Դա դեռևս համավարակից առաջ էր:

Մենք ստեղծել ենք թերապևտիկ տեսանյութեր այն մասին, թե ինչպես կարելի է զվարճանալ, հանգստանալ և արտահայտվել, երբ նստած եք տանը կամ անհանգիստ եք:

Ինչպե՞ս սատարել հոգնած թիմին, որը հեռավար է աշխատում

– Ձեզ համար՝ որպես ձեռնարկատեր, ի՞նչն էր ամենադժվարը համավարակի ժամանակ:

– Իհարկե, ես անհանգստանում էի աշխատակիցների համար: Մենք գրասենյակներ ունենք աշխարհի տարբեր երկրներում, բավականին մեծ գրասենյակ Պեկինում, և ի սկզբանե չգիտեինք, թե ինչպես սա կազդի նրանց առողջության կամ աշխատանքի վրա: Նույնիսկ նրանց դիմակներ էինք ուղարկում այլ գրասենյակներից:

Այնուհետև անցումը հեռավար ռեժիմի. անհասկանալի էր, թե ինչպես է այս ամենը աշխատելու: 600 մարդու աշխատանքն ամբողջությամբ մեկ-երկու օրվա ընթացքում հեռավար ձևաչափի փոխելը շատ սթրեսային է: Գրեթե մեկ օրվա ընթացքում Հայաստանի ամենամեծ գրասենյակը պետք է փակեինք, քանի որ շենքում մի հոգի վարակվել էր:

– Ինչպե՞ս են փոխվել գործընթացները հեռավար ռեժիմի անցնելու պատճառով:

– Գործընթացներն, իհարկե, զգալիորեն փոխվել են, կան և՛ բացասական, և՛ դրական կողմեր: Բացի այդ, արտադրողականությունը կտրուկ աճել է, ինչը ազդում է արդյունքների որակի վրա: Բայց վատն այն է, որ մարդիկ սկսել են ավելի շատ հոգնել: Մենք պարզապես ստիպում ենք մեր աշխատակիցներին հանգստյան օրեր վերցնել, դուրս գալ այս ռեժիմից:

Մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում հեռավար աշխատելու ձևաչափին․ մտածում էին որ խնդիրներ կլինեն անվտանգության հետ կապված, դժվար կլինի հասկանալ, արդյո՞ք բոլորը լավ են աշխատում:

Հիմա այդպիսի թերահավատություն չկա, մարդիկ պարզապես հավատացին, որ դա հնարավոր է, հաղթահարեցին այդ «պատնեշը», և մեզ համար արդեն իսկ շատ ավելի հարմարավետ է խոսել նույնիսկ աշխատանքի ամբողջական հեռավար ռեժիմի մասին:

– Որո՞նք են այն տեխնոլոգիաները, որ մեծ տարածում կունենան ապագայում:

– Հիմնականում, դա լրացված իրականությունն է (AR): Կարծում եմ, որ այն լայն տարածում կունենա, կախված նրանից, թե որքան շատ կներգրավվի մեր պրոդուկտների մեջ: Կարծում եմ, որ կաճի նաև վիրտուալ իրականությունը և շուտով կհասնի լրացված իրականությանը: Կհայտնվեն նոր մեթոդներ, որոնց շնորհիվ մենք կկարողանանք օգտագործել այդ տեխնոլոգիաները առցանց շփումը փոխարինելու համար:

Նշեմ, որ եթե նախկինում տեխնոլոգիաները հատուկ ստեղծվում էին բիզնեսի համար, ապա այժմ դրանք առաջին հերթին կենտրոնանում են սովորական օգտատերերի վրա, որոնք իրենց հերթին բերում են այդ տեխնոլոգիաները իրենց ընկերություններ: Օրինակ՝ Slack-ը և Dropbox-ը։

– Ինչո՞ւ հենց հիմա պետք է սկսել սեփական ստարտափը

– Ես սկսել եմ ստեղծել իմ ստարտափները 1996 թվականից, այդ ժամանակ բախվել եմ երկու ճգնաժամի հետ` 2000-ին և 2008-ին: Երբեմն այս ճգնաժամերը ստեղծում են շատ լավ նախադրյալներ ստարտափ ստեղծելու համար: Շնորհիվ այն բանի, որ շատ ընկերություններ սնանկանում են կամ ազատում մարդկանց աշխատանքից, նրանց ավելի հեշտ է վարձել: Եթե դուք ունեք լավ տեխնիկական հմտություններ և կարող եք ստեղծել ձեր սեփական պրոդուկտը, օրինակ, ընկերների հետ, ապա այժմ ստարտափ ստեղծելու լավագույն ժամանակն է:

Հիմա, ժամանակի ընթացքում ամեն ինչ դառնում է ավելի էժան՝ գրասենյակները, ծառայությունները, տաղանդները:

– Դուք չե՞ք պատրաստվում վաճառել PicsArt-ը:

– Ամենայն հավանականությամբ, դեռևս ոչ: Ցանկանում եմ մնալ անկախ, ստեղծել մեծ հարթակ և ինչ-որ պահի սկսել IPO-ի մասին մտածել: