Categories: News

Մեկնարկել է գործող և հեռանկարային կին ձեռներեցներին աջակցող ծրագիրը

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:

Նախօրեին կայացել է «Տնտեսական աճը եւ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի հայտարարման և դրա շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցով իրականացվող «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի ներկայացման առցանց միջոցառումը:

«Այս ծրագիրը կենսական դեր է խաղում ավանդական բիզնեսի ոլորտներում կին ձեռներեցների շրջանում նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման խթանման գործում: Այն հատուկ նախագծված է համաճարակային իրավիճակներում աճի և կայունության հնարավորությունները ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ մեծ թվով կանանց համար այս ծրագիրը նոր և պայծառ հնարավորությունների սկիզբ կդառնա»,- նշել է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ և մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ  կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու և այն մեծացնելու վախերը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Ինտենսիվ Բութքեմփ և Աքսելերացիոն ծրագիր, որոնք կիրականացվեն Երևանում, Գյումրիում և Վանաձորում «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։

Աքսելերացիոն ծրագրի ավարտին մասնակից թիմերն իրենց բիզնես նախագծերը կներկայացնեն գնահատող հանձնաժողովին: Լավագույն 5 թիմերը կստանան մեկական միլիոն ՀՀ  դրամ դրամաշնորհ՝ նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար:

Ձեռնարկատիրական ձիրք ունեցող բոլոր կանայք կարող են դիմել ծրագրի առաջին փուլին՝ Ինտենսիվ Բութքեմփին, մինչև հուլիսի 20-ը, ժամը 23:59-ը։

Ծրագրի մանրամասներին և մասնակցության ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Share